Խորվաթիան դիմել է Միջազգային դատարան 1991-1995 թվականներին տեղի ունեցած ցեղասպանության մեջ Սերբիային մեղավոր ճանաչելու համար: Հանրային լսումների ընթացքում Զագրեբի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերբիան պատասխանատվություն է կրում Խորվաթիայի մի շարք շրջաններում էթնիկական զտումներ անցկացնելու համար, ինչպես նաև սեփականությանը հասցրած զգալի վնասի համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Դժբախտաբար, մենք այսօր ոչինչ չլսեցինք Խորվաթիայում սերբերի ճակատագրի վերաբերյալ, որոնց թվում ևս շատ զոհեր են եղել»,- իր հերթին հայտարարել է Նիդերլանդներում Սերբիայի դեսպանատան առաջին խորհրդական Սաշա Օբրադովիչը, որը հանդես էր գալիս որպես սերբական կողմի ներկայացուցիչ: Նրա կարծիքով` տարածաշրջանում տեղի ունեցած հանցագործությունները չեն համապատասխանում «ցեղասպանություն» հասկացությանը:








































