ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ցավոք քաղաքական կյանքում գարնան առաջին օրը դարձավ քաղաքական ընդդիմության կողմից իշխանության համար պայքարի հերթական առիթ:
Նիկոլո դե Մաքիավելին երբ հանուն նպատակների արդարեցնում էր միջոցները, ի նկառի ուներ պետության գերագույն շահերն ու համազգային խնդիրները: Մեր ընդդիմությունն այն իջեցրել է սեփական, ավելի շուտ անձնական ամբիցիաների մակարդակի: Հերթական անգամ դրանում համոզվում ենք մարտիմեկյան հանրահավաքների ու դրանցում հնչած ելույթների մեկնաբանություններից:
Տեր-Պետրոսյանի ելույթն էր նման Ծառուկյանի ելույթին թե հակառակը: Կարծում եմ էական չէ, հատկապես, որ նրանցում չկային գիտագործնական կամ համազգային նշանակության բանաձևեր: Չկար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման, էներգետիկ, կոմունիկացիոն, տնտեսական անխափան և անվտանգ ապահովման, սոցիալական նոր քաղաքականության, գաղափարական, հոգևոր, իրավական, արժեքային, գիտա-կրթական ու մշակութային նոր մոդելներ:
Աշխարհը փոխվում է, ընդ որում փոխվում է շատ արագ տեմպերով, առաջ բերելով նորանոր սպառնալիքներ ու մարտահրավերներ, իսկ մեր հարգելի ընդդիմադիրների քաղաքական մեղեդին մնում է նույնը: Ինչ կարող ես անել, քաղաքական միտքը չունի նոր արգասիքներ, և պետք է բավարարվենք եղածով: Իշխանափոխություն են ուզում, պարզ է, ուղակի այդ դեպքում ինչ կապ ունի մարտի մեկը: Ես չգիտեմ թե ինչպիսի շախմատասեր է մեր երկրի առաջին նախագահը, բայց ցուգցվանգի մասին նրա պատկերացումները մեղմ ասած առ ոչինչ են:
Որովհետև որպես նախկին նախագահ, օբյեկտիվ ու պարկեշտ լինելու պարագայում պետք է, ազնվաբար ասեր. Հայաստանն այսօր իր արտաքին քաղաքական քաշային կատեգորիային ու հարաբերություններին համարժեք կարողացել և կարողանում է ոչ միայն պահպանել այլև ավելացնել բոլոր այն ակտիվներն ու պոտենցիալը, որոնք նպաստելու են խաղաղ, կայուն, հավասարակշռված, հնարավորինս կանխատեսելի, ժողովրդավարական նորմերով, ու քաղաքական ինքնատիպ ձեռագրով պետության համբավ ունենալու համար: Եվ Տեր-Պետրոսյանը շատ լավ պետք է գիտենա, որ այդ ամենը ժամանակակից աշխարհում հեշտությամբ չի տրվում: Այն ինչ հաջողվում է Նախագահ Սարգսյանին արտաքին քաղաքական գործընթացներում, մյուսների պարագայում կարող էր և տխուր պատկեր ունենալ: Դրա համար անհրաժեշտ է հաշվարկված, ճշգրիտ, սառը, հաշվենակատ, պրոդուկտիվ ու հետևողական քաղաքականության կրող լինել: Սա է Հայաստանի Հանրապետության շահերի դրսևորման արդարացված ճանապարհը: Այնպես, որ մեր տարբերությունը գնալով դառնում էլ ավելի ակնհայտ. Մենք սառը հաշվարկով պետության շահերն ենք առաջ տանում, դուք սառը հաշվարկով իշխանափոխության կոչեր եք անում»:









































