«Խնդիրը շատ պարզ է. ինչպես հայտարարել եմ ես, և ինչպես հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ես միջադեպին չեմ մասնակցել: Միջադեպի հետևանքով առաջացած խնդիրների համար դիմել են ինձ՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, որպեսզի կանխեմ երիտասարդներին ոստիկանության բերման ենթարկելու փաստը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մանրամասներ ներկայացնելով Վայոց ձորի փոխմարզպետի հետ տեղի ունեցած միջադեպից:
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ միջադեպը իր հետ որևէ առնչություն չունի. «Երկու երիտասարդ ծխախոտի մնացորդը նետել են ջրի մեջ, և փոխմարզպետը պահանջել է այդ մնացորդները հավաքել: Ես հարցս ուղղելով փոխմարզպետին և նրան շրջապատած ոստիկաններին՝ ասել եմ՝ ինչո՞ւ եք երիտասարդին նվաստացնում, երբ կարելի է խնդրել, և նա կվերցնի: Կամ՝ ինչո՞ւ պետք է այդ փոքր հարցի համար ոստիկանություն հրավիրել, ինչին փոխմարզպետը պատասխանել է՝ դուք ո՞վ եք: Նրան էլ գյուղապետը պատասխանել է՝ դուք չգիտեք ո՞վ է, Ազգային ժողովի պատգամավոր է: Հնչել են կոպիտ խոսքեր, որոնց դժվար է հայհոյանք որակումը տալ: Այդ հարցով հաղորդագրություն է տարածել փոխմարզպետը»:
Սերգեյ Բագրատյանը չհրաժարվեց, որ ինքը փոխմարզպետին Բերիա է անվանել. «Այդ որակումը իմը չէ, դա ընդունված միջազգային նորմ է, 37թ. Բերիայի գործելաոճն է. այս բնութագրմամբ նշվում են բոլոր նման կարգի արարքները: Այսինքն՝ ծխախոտի մնացորդի համար ոստիկանություն հրավիրել, նվաստացնել երիտասարդներին… այդպիսի գործելաոճ է»:
Պատգամավորը նշեց, որ իրեն ոստիկանություն չեն հրավիրել, քանի որ դրա կարիքը չի եղել և չկա. «Ես ողջունում եմ «Իմ քայլի» հայտարարությունը. տիկին Մակունցը դա համարեց կենցաղային վեճ, միջանձնային միջադեպ, որը բնութագրում է իրականությունը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































