Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Независимая газета»-ին՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերություններին և համաշխարհային քաղաքականությանն առնչվող հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ:
Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է՝ մինչդեռ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել. «Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նաև՝ Սիրիա ուղարկված առաքելության մասին»։

Փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը Միացյալ Նահանգներին ամենաշատը քննադատելու հետ կապված Ռուսաստանին «հանգստացնելու» փորձ է: «Պարոն Փաշինյանը նաև նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ռուսական էլիտայում կասկածներ կային հայկական հեղափոխության վերաբերյալ, քաղհասարակության շատ ներկայացուցիչներ նոր իշխանության մեջ պաշտոններ են ստացել, ինչը Ռուսաստանի մոտ կասկածներ է հարուցել։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը փորձում է հանգստացնել ռուսական կողմին, քանի որ ակնհայտ է, որ նոր իշխանությունը Ռուսաստանի սրտով չէ։ Մինչ այժմ ունեցել ենք խամաճիկային իշխանություն, որը կատարել է Ռուսաստանի գրեթե բոլոր պահանջները, այժմ եկել է մեկ այլ իշխանություն, որն ավելի արժանապատիվ դիրքերից է հարաբերվում Ռուսաստանի հետ, ինչը բնականաբար դուր չի գալիս Ռուսաստանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանը կարծում է, որ անկախ ՀՀ իշխանությունների արտաքին կուրսը չփոխելու բազմաթիվ հայտարարություններից՝ Ռուսաստանում կա ձևավորված մի կարծիք, թե Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք. «Եվ այս առումով հավանաբար Փաշինյանը փորձում է հանգստացնել ռուսական կողմին։ Քաղաքականության մեջ հաճախ ստիպված ես հայտարարություններ անել նույնիսկ քո դաշնակցին հանգստացնելու համար։ Եվ ես այս հայտարարություններն այդ կոնտեքստում եմ դիտարկում»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանը սրանով չի սահմանափակվի. «Մոսկվան փորձելու է նորանոր զիջումներ կորզել, և ցանկալի կլինի, որ հայկական կողմն այսպիսի հայտարարություններ անի՝ գործնականում ինչ-որ բան զիջելու փոխարեն։
Խնդիրն ըստ իս՝ սա է»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Փաշինյանն իր հայտարարությամբ արձանագրել է փաստը. «Հարցը ոչ թե Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներին քննադատաբար վերաբերվելն է, այլ, օրինակ, այնպիսի հանգամանք, ինչպիսին է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունն է և Միացյալ Նահանգների կողմից դրան պատշաճ ուշադրություն չդարձնելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեհրաբյանն ընդգծեց. «Հայաստանում միշտ եղել է և կա հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ձգտում և միտում, և իսկապես շատ լավ կլինի, որ այդ հարաբերությունները զարգանան։ Բայց քանի որ Հայաստանում ընդհանրապես փոխվել է իշխանության և քաղաքականության պարադիգման, ուստի անհրաժեշտ է որոշակի ժամանակ։ Իսկ այս ընթացքում, այո՛, քննադատություններ եղել են, և այդ փաստն էլ հենց արձանագրել է վարչապետ Փաշինյանը»։
Ռուբեն Մեհրաբյանը չհամաձայնեց այն դիտարկումներին, թե Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանին ու ՌԴ նախագահ Պուտինին հաճոյանալու փորձ է. «Ով ցանկանում է այդպես մտածել, կարող է նման հետևություններ անել։ Բայց ըստ իս՝ հայտարարության հիմքում դա չէ»։










































