Գլենդելում կայացել են հայազգի Հովհաննես «Ջոն» Մասկովյանի՝ սպանության գործով նախնական դատական լսումները, որի ժամանակ վկայություն է տվել կյանքի ապահովագրական գործակալը: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:
Գործակալի խոսքով՝ ինքը խոսել է 34-ամյա գլենդելցու հետ, ով մեղադրվում է իր ընկերոջ սպանության մեջ: Այդ զրույցը տեղի էր ունեցել նրա և օտարված զուգընկերոջ ապահովագրկան պոլիսների մասին՝ մեկ օր առաջ այն բանից, երբ ընկերոջը մահացած են գտել:
State Farm ապահովագրական գործակալության աշխատակցուհի Վերոնիկա Կոստայի խոսքով՝ Հովհաննեսն անցած տարվա ապրիլի 23-ին հանդիպել է իրեն՝ համոզվելու, որ իր և զուգընկերոջ՝ Ջոշուա Ուեսթի ապահովագրական պոլիսների հետ ամեն ինչ կարգին է: Այս մասին նա հայտնել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանում (Սան Ֆերնանդո) կայացած նախնական լսումների ժամանակ: Նա Հովհաննեսին հայտնել է, որ զույգի կյանքի ապահովագրական պոլիսների հետ ամեն ինչ կարգին է: Այդ գիշեր Լոս Անջելեսի ոստիկանության ծառայողները 33-ամյա Ուեսթին մահացած էին գտել:
Ըստ դատախազության նյութերի՝ Հովհաննեսը, նրա եղբայրը՝ 29-ամյա Հաչիկ «Քրիս» Մասկովյանը, և 19-ամյա Նազարեթ «Նիք» Բայամջյանը ծրագրել էին միասին սպանել Ուեսթին: Նրանց դեմ սպանության մեղադրանքներ են առաջադրվել: Հետաքննության տվյալներով՝ Ուեսթին ծեծի են ենթարկել, կրակել, վրաերթի ենթարկել և լքել:
Կոստան եղել է գործով ցուցմունք տվող առաջին մարդը: Լսումները կշարունակվեն այսօր: Կոստան Հովհաննեսին նկարագրել է որպես «ագրեսիվ» մարդ:
Ուեսթի ընտանիքը հայտնել է, որ նա և Հովհաննեսը հանդիպել են 7 տարի, սակայն հեռացել էին միմյանցից:










































