Պետական վերհսկողական ծառայության ղկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ հաճախ նշվում է, թե Սանասարյանի գործը «կարված է», ԱԱԾ տնօրենն արձագանքեց.
«Հայաստանի Հանրապետությունում 2018թ.-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել։ Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գարծում ունի իր առանցքային դերակատարությունը։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջովին հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք ծանթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում և հանրությունը, լրագրողական միջավայրը, մնացած բոլոր կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»։








































