Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքում է, որ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ռուսական «Спорт уик-энд» պարբերականին ու բացասական արտահայտվել իր նախկին ակումբի` Դոնեցկի «Շախտյոր»-ի մասին, որը Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում պարտվել էր Պլզենի «Վիկտորիա»-ին:
Պարբերականը նշում էր, որ հարցազրույցի ժամանակ Մխիթարյանն ասել էր. «Ուկրաինայում հիմա առաջնայինը ֆուտբոլը չէ, այդ իսկ պատճառով «Դնեպր»-ի, «Չերնոմորեց»-ի, «Դինամո»-ի և նույնիսկ «Շախտյոր»-ի պարտություններն ինձ չեն զարմացրել»:
Կարծում եմ` խաղաղ ժամանակ իմ նախկին ակումբը կհաղթահարեր «Վիկտորիա»-ի արգելքը, իսկ հիմա… Բոլորդ հասկանում եք և գիտեք, թե ինչ իրավիճակ է հիմա Ուկրաինայի արևելքում»:
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է. «Հենրիխ Մխիթարյանի համար կարևոր է ընդգծել, որ ինքը նման հարցազրույց չի տվել: Ավելին, նա հարցազրույց չի տվել «Спорт уик-энд»-ին:
Նրա խոսքերը, հրապարակված այդ լրատվամիջոցում, հորինվածք են: Հենրիխ Մխիթարյանը երբեք բացասական չի արտահայտվել իր նախկին ակումբի մասին: Ընդհակառակը»:





































