Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում Լոնդոնի «Արսենալը» երեկ 3:1 հաշվով զիջեց «Վուլվերհեմփթոնին»: Շատերի կարծիքով՝ այս պարտությունը կարող է ճակատագրական լինել լոնդոնյան ակումբի համար, որը պայքար է մղում լավագույն քառյակում տեղ ունենալու համար: Հիշեցնենք, որ նախորդ խաղում էլ «Արսենալը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջել էր «Կրիստալ Փելեսին»: Վերջինիս հետ մրցավեճից առաջ Ունայ Էմերիի թիմը ուներ իրական հնարավորություն ոչ միայն լավագույն քառյակում, այլև մրցանակային եռյակում տեղ ունենալու:
Երեկվա պարտությունից հետո «Արսենալը», որն ունի 66 միավոր, 5-րդ հորիզոնականում է և 2 միավորով զիջում է 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»: Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է ընդամենը երեք տուր: Նշենք, որ այդ երեք հանդիպումները «Արսենալը» անցկացնելու է մրցակցի հարկի տակ, և այնքան էլ մեծ չէ հավանականությունը, որ լոնդոնյան թիմին կհաջողվի այդ մրցավեճերում 9 միավոր վաստակել: Ապրիլի 28-ին «Արսենալը» հյուրընկալվելու է «Լեսթերին», մայիսի 5-ին՝ «Բրայթոնին», և մայիսի 12-ին՝ «Բարնլիին»: Նույնիսկ երեք հանդիպումներում հաղթելու դեպքում «Արսենալի» համար լավագույն քառյակում հայտնվելը երաշխավորված չէ:
Վերջին շրջանում Ունայ Էմերին կիրառում էր 3-4-2-1 կամ 3-4-1-2 դասավորությունը: Խաղային այս մոդելները դարձել էին «Արսենալի» վերելքի հիմնական խթանիչներից մեկը: Թվում էր, թե «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում էլ Էմերին կպայքարի վերը նշված սխեմաներից մեկով: Իսպանացի մասնագետը, սակայն, անսպասելիորեն նախընտրեց 4-2-3-1 դասավորությունը: Ենթահարձակվողի դիրքում Էմերին վստահել էր Մեսութ Օզիլին, ինչը, կարծում ենք, կոպիտ սխալ էր: Այսօր Էմերին ձեռքի տակ ունի երկու ֆուտբոլիստների, որոնք կարող են խաղալ ենթահարձակվողի դիրքում՝ Մխիթարյան և Օզիլ: «Կրիստալ Փելեսի» դեմ Էմերին ևս Օզիլին օգտագործել էր 10 համարի դիրքում: Այո, այս ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ, բայց ընդհանուր առմամբ «Արսենալի» կիսապաշտպանական գիծը կաղում էր:
Չգիտես ինչու, Էմերին Օզիլին կրկին վստահել էր ենթահարձակվողի դիրքը, իսկ Մխիթարյանին հրահանգել էր գործել աջ եզրում: Հայտնի է, որ Օզիլը հատկապես մրցակցի հարկի տակ իր հնարավորություններից խիստ ցածր է հանդես գալիս: «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում Օզիլին ընդհանրապես մեկնարկային կազմում ընդգրկելը, կարծում ենք, ճիշտ չէր: Հայաստանի ազգային հավաքականի ավագը բազմիցս է խաղացել աջ եզրում, բայց վերջին շրջանում հատկապես 3-4-2-1 դասավորության պայմաններում խաղում էր ենթահարձակվողի դիրքում: 3-4-1-2 դասավորության դեպքում կարծում ենք, որ թե՛ Մխիթարյանը և թե՛ «Արսենալի» կիսապաշտպանությունը շատ ավելի արդյունավետ կգործեր: Ըստ էության «Արսենալի» ֆուտբոլիստները և մասնավորապես կիսապաշտպանները մերվել էին հաջողության բերած խաղային սխեմային:
«Չէի հասկանում, թե ինչու նրանք չէին անում այն, ինչի մասին խոսել էինք մինչ այդ: Ես զայրացած եմ ոչ թե ֆուտբոլիստների, այլ ինքս ինձ վրա: Առաջին հերթին պետք է լուծում գտնենք մեր խաղի համար: Երբ հաղթում ենք, հաղթում ենք միասին, երբ պարտվում ենք, նորից պարտվում ենք միասին»,- խաղից հետո ասել էր Էմերին: Վերջինս ըստ էության ընդունել է, որ տեղի ունեցածի գլխավոր մեղավորը հենց ինքն է: Ավելի ստույգ՝ մրցաշրջանի ամենաթեժ հատվածում իսպանացի մասնագետը դիմեց ոչ հիմնավորված փոփոխության:
Այո, «Կրիստալ Փելեսի» դեմ 3-4-1-2 դասավորությամբ «Արսենալը» պարտվեց, բայց արդյո՞ք դա պետք է ստիպեր Էմերիին դիմելու մարտավարական փոփոխության: «Կրիստալ Փելեսի» հետ հանդիպումից ընդամենը երեք օր առաջ «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան մրցավեճում բավական ծանր խաղ էր անցկացրել «Նապոլիի» դեմ նրա իսկ հարկի տակ: «Արսենալի» ֆուտբոլիստների մոտ նկատվում էր հոգնածություն, ինչը բնական էր:
Էմերիի մարտավարական փոփոխությունը կարող է թերևս մեկ բացատրություն ունենալ: Առանցքային կիսապաշտպան Աարոն Ռեմսիի շարքից դուրս գալը ստիպել է նրան փորձելու բացը լրացնել տակտիկական փոփոխությամբ: Էմերիի մտահղացումը չաշխատեց, և հիմա անհրաժեշտ է կարճ ժամանակում վերակենդանացնել թիմը:
Հաջորդ հանդիպումը «Արսենալն» անցկացնելու է մայիսի 2-ին՝ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Էմիրեյթս» մարզադաշտում մրցելով իսպանական «Վալենսիայի» հետ: Էմերին ունի մեկ շաբաթ ժամանակ սխալները ուղղելու համար:
«Հիմա գուցե հիասթափված ենք, բայց մրցաշրջանը բաղկացած է 38 խաղից: Կարող ենք լինել լավատես և տեղ զբաղեցնել լավագույն քառյակում: Ավելին, մենք Եվրոպայում իր նշանակությամբ երկրորդ մրցաշարի կիսաեզրափակչում ենք: Այստեղ երեք հաջող խաղ անցկացնելու դեպքում կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրը, տիտղոս նվաճել և որախացնել մեր երկրպագուներին: Վստահ եմ, որ մեր ֆուտբոլիստներն ունեն ներուժ մրցաշրջանը բարձր նոտայով ավարտելու համար»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը:









































