Վերջին շրջանում սահմանային անհանգիստ ու լարված վիճակն ամեն անգամ ստիպում է ևս մեկ անգամ հայացք նետել Հայաստանի ներքին կյանքում առկա իրողություններին, որոնք էապես պայմանավորում են Հայաստանի պոտենցիալը հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում: Այս մասին խոսելը ցանկալի չէ, բայց անհրաժեշտ է, որովհետև երկրի ներքին կյանքն է կանխորոշելու հասարակական մթնոլորտը հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ: Եվ երբ այս իմաստով հայացք ենք նետում այդ ներքին կյանքին, ապա բավական ուշագրավ իրողություններ են կարծես թե ի հայտ գալիս:
Օրինակ` Հայաստանում սահմանային իրավիճակը բավականին լարվեց 2011թ. փետրվարին, երբ ԲՀԿ-ն «բերման ենթարկվեց» և վերահաստատեց կոալիցիոն գործընկերությունը ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ: Սահմանում իրավիճակը թեժացավ նաև 2012թ. մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ, հետո եղավ դիվերսիա, որին զոհ դարձավ երեք հայ զինծառայող: Մայիսի 6-ին Հայաստանում եղավ խորհրդարանի ընտրությունը, որից հետո երկար ժամանակ հանգիստ էր սահմանում, իսկ Հայաստանում ինտենսիվորեն քննարկվում էր նոր կոալիցիայի, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության հարցը: Եվ ահա, երբ մեկ-երկու շաբաթ անց այդ հարցը հանգուցալուծվեց հայտնի ձևով, հանկարծ մի քանի օրվա ընթացքում կրկին տեղի ունեցավ սահմանային լարում և զոհեր: Սա բավականին հետաքրքրական զուգադիպություն է: Եվ մեկ էլ հետաքրքրական է զուգադիպությունը 2008 թվականի հետ, երբ ընտրություններից և Մարտի 1-ից մի քանի օր անց ադրբեջանցիները կրկին բավականին ագրեսիվ կեցվածքով աչքի ընկան, այդ անգամ Մարտակերտի ուղղությամբ: Այս առումով, այն ժամանակ ամեն ինչ բացատրվեց ընդդիմության ցույցերով և Մարտի 1-ով` փորձելով պաշտոնական քարոզչության միջոցով շաղկապել դրանք և արդարացնել իշխանության դաժան գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ներկայումս, սակայն, ցույցեր և հետընտրական բողոքներ չկան, սակայն կրկին կա ադրբեջանական ագրեսիվություն:
Իրավիճակն իսկապես չափազանց անորոշ է, համենայնդեպս հասարակական հայացքի տեսանկյունից: Իսկ հանրային ցանկացած անորոշություն ամենևին չի բխում պետական շահից: Այս ֆոնին բավական ուշագրավ է նաև քաղաքական ուժերի իներտ պահվածքը: Կա՛մ նրանք բոլորը գիտեն մի բան, որ չգիտե հանրությունը, կա՛մ պարզապես նրանցից ոչ ոք չգիտե ինչ ասել հասարակությանը, քանի որ կարծես թե ավելի ու ավելի է պարզ դառնում նրանց բոլորի համատեղ գործունեության հանգեցրած ներքին ու արտաքին ճգնաժամի և անելանելիության ամբողջ ընդգրկումն ու խորությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































