ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը և այն օգտագործելով որպես զենք: Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ խորհրդարանի նստաշրջանում: Նրա խոսքը մեջբերել է Shana գործակալությունը:
«Ես կրկնում եմ՝ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը և այն օգտագործելով որպես զենք, որի հետևանքները նրանք կզգան իրենց վրա»,-ասել է Զանգանեն:

Նա հավելել է, որ Իրանն առավելագույն ջանքեր կգործադրի՝ «խափանելու ԱՄՆ-ի պատժամիջոցները»: Նախարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը: «Իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու պատրանքները, Աստծո օգնությամբ, երբեք չեն իրագործվի»,- հավելել է Զանգանեն:
Նա այս հայտարարություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մայիսի սկզբից ոչ մի բացառիկ արտոնյալ ժամանակաշրջան չի նախատեսում այն երկրների համար, որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության տակ կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար: Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաև ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար:










































