Ժնևում Ուկրաինայի՝ իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա ավագ որդու՝ Ալեքսանդրի նկատմամբլ հետաքննություն է սկսվել, հաղորդում է AFP-ը: Նրանք կասկածվում են փողերի լվացման մեջ:
Ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունը որոշում էր կայացրել, որ եթե երկրի տարածքում Յանուկովիչի հետ կապված ակտիվներ հայտնաբերվեն, ապա դրանք կարող են սառեցվել: Украинскaя правда-ի տվյալներով՝ Շվեյցարիայում մասնավորապես բացվել է Յանուկովիչի ավագ որդու՝ Ալեքսանդրի MAKO Holding ընկերությունը, որի միջոցով էլ ածուխի վաճառք է իրականացվել:
AFP-ի տվյալներով՝ Յանուկովիչից և նրա որդուց բացի, կսառեցվեն Ուկրաինայի 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ նաև որոշ նախկին նախարարների ակտիվներ:
Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը արդեն խուզարկել է Ալեքսանդր Յանուկովիչին պատկանող ընկերություններից մեկը, որտեղից որոշ փաստաթղթեր են առգրավվել:
Վերջերս հայտնի է դարձել նաև, որ Ավստրիայի իշխանությունները որոշել են արգելափակել 20 ուկրաինացիների հաշիվներ: Երկրի ԱԳՆ-ն նշել է, որ սրանց ժամանակավոր միջոցներ են, որոնք կգործեն «մինչև ԵՄ համապատասխան պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն»:
Հաշիվները արգելափակվել են Ուկրաինայի նոր իշխանությունների խնդրանքով: Թե ում են դրանք պատկանում՝ չի հաղորդվում:










































