ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) շուրջ 50 բնակիչներ ՀՀԿ ԳՄ նիստից հետո չեն հեռանում կուսակցության գրասենյակի մոտից: Նախ` նրանք սպասեցին, որ ավարտվի կուսակցության Գերագույն մարմնի նիստը, որպեսզի հանդիպեն կա՛մ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կա՛մ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նիստի ավարտից մի որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հեռացավ կուսակցության շենքից` բնակիչների հետ չհանդիպելով, սակայն բնակիչներն ամեն կերպ փորձեցին իրենց ձայնը լսելի դարձնել նրան` «Նախագահ, մենք անտուն ենք», «Խիղճ ունեցեք» բացականչություններով: Նրանցից մեկը նույնիսկ ճարահատյալ ասաց, որ իրենք կգրավեն ՀՀԿ շենքը և այնտեղ կապրեն, քանի որ երկրի իշխանությունը, որը պետք է լիներ բնակիչների ծնողը, թողել է երեխաներին որբի կարգավիճակում, և իրենք իրենց որբեր են համարում:
Այս պահին շուրջ 50 բնակիչներ պնդում են, որ իրենք չեն լքելու կուսակցության շենքի հարակից տարածքը և շարունակելու են բողոքի ակցիան` սպասելով, որ իրենց կընդունեն գոնե երկրի առաջին դեմքերը, քանի որ իրենք խաբված են շուրջ 6-7 տարի:












































