Գերագույն ռադայի կողմից նախագահի պաշտոնից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ամաչում է վետերաններից և ժողովրդից`Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Յանուկովիչը նաև ներողություն է խնդրել «Բերկուտից»: Նա հայտարարել է, որ ոստիկանությանը չի հրամայել կրակել Կիևում զանգվածային անկարգությունների մասնակիցների վրա:
Նախկին նախագահի կարծիքով`Ուկրաինայում պետական կառույց և սահմանադրություն ունենալու համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել: Նա նաև հայտարարել է, որ տվյալ պահին երկրում իշխանությունը «ազգայնական, պրոֆաշիստական երիտասարդների ձեռքում է, ովքեր Ուկրաինայի բնակչության փոքրամասնությունն են կազմում»:
Յանուկովիչը վստահ է, որ Ուկրաինայի իրադարձությունների սցենարը գրել են «երկրի սահմաններից դուրս»: Նա Ուկրաինայի իրադարձություններում մեղավոր է համարում արևմտյան երկրներին: Ըստ Յանուկովիչի` Ուկրաինայում բռնության ակտերը պետք է հետաքննել իշխանության, ընդդիմության, Եվրախորհրդի համընդհանուր մոնիթորինգի վերահսկողության ներքո:
Նա հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը կապված է երկրում քաղաքական դրության ապակայունացման և Ռուսաստանից`որպես տնտեսական գործընկերոջից, հրաժարվելու հետ:
Ուկրաինայում Սահմանադրական դատարանի դատավորներին լիազորություններից զրկելը նա «աննախադեպ դեպք» է համարել:
«Ռուսաստանում ես հայտնվել եմ հայրենասեր սպաների շնորհիվ, ովքեր կատարելով իրենց պարտքը`ինձ օգնել են պահպանել կյանքս»,- ասել է նախկին նախագահը`հավելելով, որ չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է ապաստան գտնել Դոնի Ռոստովում գտնվող իր ընկերոջ մոտ:
«Ես Ուկրաինա կվերադառնամ, երբ կապահովվի իմ և իմ ընտանիքի անվտանգությունը»,- նշել է նախկին նախագահը: Նա ասել է նաև, որ արտասահմանում հաշվեհամարներ և սեփականություն չի ունեցել:
Յանուկովիչն ասել է, որ Ուկրաինայում գտնվելու ժամանակ իր կյանքը վտանգի է ենթարկվել: Իր իսկ խոսքով`ինքը «ոչ մի տեղ չի փախել», այլ Կիևից «հանգիստ մեկնել է Խարկով», որտեղ հրակոծման է ենթարկվել: Բացի դրանից՝ Յանուկովիչը «Ուկրաինայով տեղաշարժվել է ավտոմոբիլային ճանապարհներով, քանի որ երբ ուղղաթիռով փորձել է Խարկովից հասնել Լուգանսկ, իրեն սպառնացել են ուղղաթիռը գրավելու համար օդ բարձրացնել կործանիչները»:
Քաղաքական գործիչը չի մասնակցի 2014-ի մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին:
Նախկին նախագահը հայտարարել է, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վատը չի ցանկանում:
Նա նաև հայտարարել է, որ զարմացած է Ուկրաինայի դրության վերաբերյալ Պուտինի լռությունից: Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանին կոչ է արել աչք չփակել Ուկրաինայի իրադարձությունների վրա և կտրականապես դեմ է հանդես եկել «պետության ինքնիշխանության» խախտման դեմ:
Ղրիմի իրադարձությունները Յանուկովիչը համարել է Կիևի «հանցավոր հեղաշրջման» բնական արձագանքը:









































