Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Ողջունելով դեսպանին` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև առկա սերտ փոխգործակցության համար: Այնուհետև անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Իտալիայի դեսպանատան հետ Մայր Աթոռի արդյունավետ համագործակցությանը:
Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ այդ սերտ կապերի շնորհիվ Հայ Եկեղեցու մի շարք հոգևորականներ իրենց ուսումն են շարունակել Արևմուտքի, այդ թվում նաև Հռոմի աստվածաբանական բարձրագույն հաստատություններում:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում Եկեղեցու կարևոր դերակատարության մասին:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանում իր առաքելության մեջ արդյունավոր գործունեություն մաղթեց դեսպանին:







































