Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրույնությունը ուղիղ համեմատական է ներքին լեգիտիմությանը և հակադարձ համեմատական է արտաքինին: Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ են գուժում այն գործընթացները, որոնք Հայաստանի իշխանության համար խորացնում են ներքին լեգիտիմության հարցում ունեցած խնդիրները, ավելացնում են արտաքին լեգիտիմությունից կախվածությունն ու նվազեցնում ինքնուրույնության աստիճանը՝ արժանանալով աշխարհաքաղաքական կենտրոնների միարժեք հավանությանը:
Այս իրողությունը ինչ-որ բան գուժում է կամ իշխանության, կամ Հայաստանի համար, ուստի գործընթացից դուրս գալու համար կամ իշխանությունն է ստիպված լինելու հրաժարվել Հայաստանից, այսինքն՝ Հայաստանը որպես պետական միավոր, որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտ հանձնելու է չորս քամիներին, կամ Հայաստանն է կանգնելու, ի վերջո, այս իշխանությունից ազատվելու անխուսափելի անհրաժեշտության առաջ, որպես լինել-չլինելու հարցի լուծում՝ հօգուտ պետական սուբյեկտության:
Հաշվի առնելով այն միահամուռ աջակցությունը, որ արտաքին աշխարհը ցուցաբերում է ղարաբաղյան գործընթացին՝ հնարավոր է եզրակացնել, որ աշխարհը նախապատվությունը տվել է առաջին տարբերակին, այսինքն՝ խրախուսում է, որ իշխանությունը հրաժարվի Հայաստանի սուբյեկտությունից, հանուն սեփական լեգիտիմության: Սակայն հավանական է նաև, որ միջազգային հանրությունը պարզապես հասունացնում է «անկեղծության» պահը Հայաստանի քաղաքական իրավիճակի առումով:
Պատահական չէ, որ իրադարձությունների զարգացման դինամիկան կարծես թե համահունչ է գնում առաջիկա ընտրության գործընթացի դինամիկային: Կարծես թե միջազգային հանրությունն էլ ընկալում է, որ այս ընտրությունը աղբահավաքության առիթ չէ կամ եթե է՛, ապա քաղաքական աղբահավաքության առիթ: