ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ փողոցային և կրպակների առևտուրը վերացնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը սուպերմարկետների օգտին է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վ. Բոստանջյանը նախ նշեց, թե երկրում աշխատատեղերի քանակը սահմանափակ է, և փողոցային առևտրում զբաղվածներն այդ առումով վտանգվում են, ապա հավելեց, թե քաղաքակրթվածության առումով մի օր պետք էր վերջ դնել բացօթյա առևտրին:
«Ամբողջ քաղաքակրթված աշխարհում դուք չեք տեսնի բացօթյա առևտուր: Փողոցներում ոչ հիգիենիկ պայմաններում զանազան մթերքների իրացումն աստիճանաբար պետք է վերանա: Այլ բան է, որ չպետք է վտանգեինք աշխատատեղ ունեցող մարդկանց: Ավելի լավ կլիներ, եթե նրանք նախապես ապահովվեին աշխատատեղով»,- ասաց Վ. Բոստանջյանն ու շարունակեց. «Մենք պետք է աշխատենք, որ չունևորներ չլինեն, պետք է աշխատենք, որ մարդիկ եկամուտներ ունենան, համապատասխան աշխատանք ունենան: Բայց միայն աղքատության վրա կամ չունենալու վրա հիմնված ամեն ինչ անելը, ըստ էության, ես չեմ կարող ողջունել»:
«Կառավարման ընդհանուր մոտեցում գոյություն ունի: Եթե կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով զլանում են իրենց բնակավայրերում ապրել, այդ բնակավայրերում հող մշակել, գործունեություն ծավալել, գալիս են քաղաք, զբաղվում փողոցային առևտրով, ո՞վ ասաց, որ մենք պիտի ընկնեինք այդ վիճակի մեջ: Այդ մարդիկ ո՞նց հայտնվեցին այստեղ: Իսկ ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ իրենք գյուղացիներից կամ սկզբնական արտադրողներից մի գնով վերցնում են ապրանքը ու բազմապատիկ գնով վաճառում մեզ»,- նկատեց ԲՀԿ պատգամավորը:







































