Ուկրաինայում իրադրությունը լարվում է րոպե առ րոպե և իսկապես պայթյունավտանգ է: Ըստ որում, եթե մինչև այսօր խնդիրը, այսպես ասած, ներուկրաինական էր, գոնե սուբյեկտների իմաստով, ապա այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ այն դուրս է եկել Ուկրաինայի ներքին շրջանակներից, և ակտիվ գործողությունների են անցել Ռուսաստանն ու Արևմուտքը: Ռուսաստանը գրեթե բացահայտորեն նախաձեռնել է Ղրիմի իրավիճակի էսկալացիա, իսկ Արևմուտքն էլ բացահայտորեն հայտարարում է Ուկրաինային աջակցելու մասին և Ռուսաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա լարումից:
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնք պատկերում են ռուսական զրահատեխնիկայի շարասյունը, որն ուղղվում է Սիմֆերոպոլի կողմ, որտեղ, ինչպես հայտնի է, զինված անձինք արդեն իսկ գրավել են տեղի կառավարական շենքերը: Ամենայն հավանականությամբ, Կիևի պատասխանը չպետք է ուշանա. արդեն իսկ հայտարարվել է ներքին զորքերի մոբիլիզացիայի մասին: Ամեն ինչ կավարտվի կա՛մ բռունցքների ակտիվ ցուցադրումով, կա՛մ բախումներով:
Սա չի կարող իր հետևանքներն ու ազդեցությունը չունենալ հայաստանյան իրադարձությունների վրա: Առնվազն պղտոր ջրի էֆեկտը կարող է աշխատել միշտ, և այս իրավիճակում Հայաստանյան իրադարձություններն էլ կարող են, այսպես ասած, դուրս գալ վերահսկողությունից: Ընդ որում՝ սա կարող է տեղի ունենալ թե՛ այսպես ասած ընդդիմադիր դաշտի ակտիվ գործողությունների միջոցով, լարվածությունն ավելացնելու և գագաթնակետին հասցնելու նպատակով, թե՛ այս ամենին իշխանությունների կոշտ արձագանքի մասով: Տվյալ դեպքում պղտոր ջուր ասվածն այն է, որ Հայաստանի հանդեպ միջազգային ուշադրությունը կարող է թուլանալ, ինչն էլ ներքաղաքական կամ ներիշխանական սուբյեկտների մեջ կարող է մեծացնել շանսն օգտագործելու գայթակղությունը:
Մի բան պարզ է. նման զարգացումների պարագայում Հայաստանի համար որևէ դեպքում ամեն ինչ կավարտվի աղետալի հետևանքներով: Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում ներքաղաքական կյանքը, եթե այն կա, պետք է դադարի: Բացարձակապես: Պետք է շարունակվի այնպես, ինչպես եղել է: Խնդիրն ընդամենը այն է, որ այդ կյանքում անպայմանորեն պետք է հաշվի առնել ուկրաինական իրավիճակը, և բոլոր սուբյեկտները պետք է իրենց գործողությունները մշակելիս անպայման հաշվարկեն ուկրաինական իրավիճակը, հնարավոր զարգացումներն ու ազդեցությունները Հայաստանի և Հայաստանին անմիջականորեն վերաբերող խնդիրների հանդեպ:
Սա իսկապես պատասխանատու իրավիճակ է, որը բավական լայն աշխարհաքաղաքական սփռում է ենթադրում, ինչը հաշվի չառնելը Հայաստանի պարագայում անթույլատրելի է: Ընդհանրապես, ուկրաինական իրադարձությունների քննարկումները Հայաստանում քաղաքական անհրաժեշտություն են: Սա առաջին հերթին պետք է գիտակցի իշխանությունը, քանի որ ներկայիս իրավիճակում առաջնային պատասխանատվությունը հենց իշխանությանն է: Եվ սա նշանակում է ոչ թե իշխանության մկանների լարում՝ որևէ անակնկալի պատրաստ լինելու և ուժով զսպելու կամ ճնշելու համար, այլ մտքի լարում՝ հասարակական խնդիրների հանդեպ արձագանքը էլ ավելի ադեկվատ դարձնելու, արդյունավետ դարձնելու և այդպիսով լարվածության նախադրյալները չեզոքացնելու համար:
Իշխանությունն առաջինը պետք է գիտակցի, որ եթե Հայաստանը ադեկվատ չեղավ ուկրաինական իրադարձությունների հնարավոր ռեզոնանսների հանդեպ, ապա պարտվող լինելու ենք բոլորս, և առաջին հերթին՝ իշխանությունները: Ընդ որում՝ այդ քննարկումներն անպայմանորեն պետք է ենթադրեն նաև փակ ռեժիմ, այսինքն՝ շոուի գայթակղությունից հեռու, որպեսզի դրանք լինեն առարկայական և արդյունավետ: Եվ ամենակարևորը՝ այդ քննարկումները պետք է զերծ լինեն «ժողգործիքների ակումբի» հայտնի անդամներից:








































