Ռուսաստանի իշխանությունները բավարարել են Վիկտոր Յանուկովիչի խնդրանքը՝ նրա անձնական անվտանգության ապահովման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով Ռուսաստանի իշխանական կառույցների աղբյուրներին:
«Կապված այն բանի հետ, որ նախագահ Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի իշխանություններին իր անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով, հայտնում եմ, որ այդ խնդրանքը բավարարվել է Ռուսաստանի տարածքում»,-աղբյուրի խոսքերն է մեջբերում Interfax-ը:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք՝ Վիկտոր Յանուկովիչը ԶԼՄ-ներին ուղարկած հայտարարությամբ ասել էր, որ նախկինի պես համարում է իրեն Ուկրաինայի օրինական նախագահ, և որ խնդրել է Ռուսաստանի իշխանություններին՝ ապահովել իրեն անձնական անվտանգությամբ՝ ծայրահեղականների գործողություններից:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Ուկրաինայի նոր իշխանությունները նրա դեմ միջազգային հետախուզում էին հայտարարել:











































