ԱՄՆ-ը Սիրիայի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել «Ժնև-2» համաժողովին մասնակցած Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի բանակցողների հարազատներին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«ԱՄՆ-ին անհանգստացրել են հաղորդագրությունները, որ Ալ-Ասադի վարչակարգը ձերբակալել է «Ժնև-2» խաղաղ բանակցություններին ներկայացած Ազգային կոալիցիայի պատվիրակության ընտանիքի անդամներին, պատվիրակներին ներառել է ահաբեկիչների ցուցակում և առգրավել նրանց ակտիվները»,- հայտարարել է Պսակին:
Նրա խոսքերով՝ նման գործողությունները խախտում են ներսիրիական բանակցություններին առնչվող ՄԱԿ ԱԽ-ի 2139 բանաձևը:
Պսակին նշել է, որ Սիրիայի չափավոր ընդդիմությունն աշխատում է հակամարտության քաղաքական լուծման վրա՝ այն դեպքում, երբ Սիրիայի իշխանությունները փորձում են ճնշել ընդդիմադիր գործունեությունը: Նա նաև սիրիական իշխանություններին մեղադրել է պարբերաբար ռմբակոծությունների և խաղաղ բնակիչների սպանության, տասնյակ հազարավոր մարդկանց կտտանքների ենթարկելու մեջ:










































