Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դժվարանում է ասել, թե իր պաշտպանյալի կողմից վերջին շրջանում հրապարակած տեղեկությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որպեսզի քրեական գործի քննությունը վերաբացվի և բոլորովին այլ ընթացք ստանա:
«Դե թող իրավապահները քննության առնեն այդ նամակները, մամուլի հրապարակումը հայտարարության տեսակ է չէ՞»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Սեդրակյանի պաշտպանը: Սիրունյանը որևէ մեկնաբանություն չտվեց նամակում բարձրացված հարցերի և փաստերի հետ կապված: Մասնավորապես` ՊՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալիկ Աբրահամյանի և նրա որդու՝ Էդուարդ Աբրահամյանի ունեցած դերակատարության մասին Սեդրակյանի հետ կատարվածում:
«Որևէ մեկնաբանություն չունեմ Աբրահամյանների հետ կապված: Միայն կարող եմ ասել, որ զարմացած եմ և ուզում եմ հասկանալ, թե նախ նամակն ինչպես է դուրս եկել մեկուսարանից, ապա նաև այն, թե ինչ է գրել Վարդանը»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ըստ Վարդան Սեդրակյանի` ինքը կապ չունի Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ: Նա ԱԱԾ մեկուսարանից գրած նամակում ուշագրավ մանրամասներ է հրապարակել նույն Ալիկ Աբրահամյանի ու նրա որդու մասնակցության մասին, ապա նրանց կողմից իր ընտանիքի նկատմամբ իրականացված ճնշումների, սպառնալիքների վերաբերյալ: Ըստ Սեդրակյանի` իրենք ֆինանսական խնդիրներ են ունեցել: Իր կալանավորումից հետո էլ Աբրահամյանները շարունակել են հետ պահանջել այդ գումարները, ապա խոստացել` գումարը հետ ստանալու պարագայում միջնորդել Սերժ Սարգսյանին, որպեսզի Սեդրակյանն ազատ արձակվի: Ըստ նամակի` Աբրահամյանների կողմից գումարը հետ պահանջելու մի քանի խոսակցությունների ներկա է եղել նաև իր պաշտպանը՝ Ալեքսանդր Սիրունյանը:
«Այո՛, ես տեղյակ եմ, որ ինչ-որ գումարային պահանջ եղել է: Այդ ընթացքում՝ Սեդրակյանի կալանավորումից հետո, մի քանի հոգի դիմել են ինձ՝ ասելով, որ գումարային հարցեր ունեն Վարդանի հետ, բայց ես ասել եմ` ես Վարդանին չեմ հարցնի, թե ինքը ում ինչքան գումար է պարտք: Դա աբսուրդ է»,- ասաց Սիրունյանը:
Վարդան Սեդրակյանի նամակում մեկ այլ ուշագրավ հատած էլ կա, որտեղ վերջինս խոսում է ԱԱԾ անգործությունից: «ԱԱԾ Քննչական վարչության պետ Մ. Մարուքյանը, նախաքննության ժամանակ, իմ փաստաբանի ներկայությամբ, բազմիցս ասել է, որ ինքը գիտի, որ ես ոչ մի կապ չունեմ տեղի ունեցածի հետ, բայց եթե ինձ ազատի, ապա իրեն կդատեն ակնհայտ անմեղ մարդուն ձերբակալելու համար: Նա ինձ համոզում էր, որ ես ցուցմունք տամ, թե իբր Սամվելին և Խաչատուրին իսկապես ասել եմ, որ պետք է վախեցնել Հայրիկյանին: Նա ասում էր, որ Քրեական օրենսգրքով վախեցնելու համար պատիժ չկա: Ինձ կդատեն ընդամենը ապօրինի զենք ձեռք բերելու համար, և ես երկու, ամենաշատը երեք տարի հետո ազատության մեջ կլինեմ: Այս ամենը եղել է իմ փաստաբանի ներկայությամբ»:
Սիրունյանից հետաքրքրվեցինք, մի՞թե իր աշխատանքը չէ տեղեկացնել պաշտպանյալին իր իրավունքները, ինչո՞ւ են դա իր փոխարեն արել ԱԱԾ քննիչները և ինչո՞ւ ինչ-որ ձևով չի միջամտել կամ ընթացք չի տվել այդ ամենին, ինչ նկարագրված է նամակում: Սիրունյանը, սակայն, նշեց, որ այդ ամենը «մի փոքր այլ ձևով է տեղի ունեցել»: «Այդ խոսակցությունը իրականում եղել է կեսկատակ: Ավելին` ամբողջ այդ գործի քննության ժամանակ մթնոլորտը եղել է շատ բարիդրացիական: Ամբողջ գործի քննության ընթացքում Վարդանի նկատմամբ վերաբերմունքը շատ հարգալից է եղել, ժամանակ է եղել նույնիսկ սուրճ են հյուրասիրել: Ես օրգաններում այդպիսի բանի շատ քիչ եմ հանդիպել: Իսկ ձեր մատնանշած խոսակցությունը եղել է կատակով: Հերթական խոսակցություններից մեկի ժամանակ Վարդանն ասեց՝ հիմա ինչ, ինձ բաց չեք թողելո՞ւ: Մարուքյանն էլ ասաց՝ ուզում ես քեզ թողնեմ, որ ինձ բռնե՞ն: Այդ ամեն ինչը եղել է կատակով»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ Սեդրակյանին վերջին անգամ հանդիպել է նախորդ շաբաթ, բայց նամակում արծարծված հարցերի, նամակներին ընթացք տալու վերաբերյալ քննարկումներ չեն եղել:
Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի









































