ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջան:
Փոխվարչապետն այցը սկսել է Բավրա համայնքից: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Բավրայի և հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են համայնքներում իրականացվող ծրագրերին, առկա խնդիրներին, սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
Մասնավորապես բարձրացվել է տարածաշրջանի համայնքների գազիֆիկացման խնդիրը:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում է հարցը Բավրայի մաքսակետի արդիականացման ծրագրի շրջանակում լուծելու հնարավորությունը: Մյուս խնդիրը վերաբերում էր հողօգտագործման հարցերին` կապված հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի հետ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
Ղազանչի համայնքի ղեկավարն էլ բարձրացրել է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի լրացուցիչ սեփականաշնորհում իրականացնելու հարցը:
Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ այն քննարկվել է կառավարությունում, շրջանառության մեջ է դրվել համապատասխան փաստաթուղթը և, ակնկալվում է, որ երկու գյուղերի` Ղազանչիի և Փոքր Սեպասարի նմանատիպ խնդիրն առաջիկայում լուծում կստանա: Բարձրացվեցին նաև միջհամայնքային միավորումների կողմից տեղական հարկերի բազաների արդյունավետ կառավարման հետ կապված հարցեր: Նշվել է, որ նոր, առավել արդյունավետ լուծումների անհրաժեշտություն է առաջացել, և այդ հարցում ակնկալվում է կառավարության աջակցությունը:
Փոխվարչապետն այնուհետև շրջայց է կատարել Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնի շենքում, որտեղ ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: Կենտրոնը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը շուրջ 70 մլն դրամ է: Փոխվարչապետին տեղեկացվել է, որ աշխատանքները կավարտվեն առաջիկայում: Նոր կենտրոնի շենք կտեղափոխվի գյուղապետարանի աշխատակազմը, այնտեղ կգործի նաև հանդիսությունների սրահ, գրադարան, ինչպես նաև կլինի համակարգչային սենյակ:
Փոխվարչապետն այցելել է նաև Բավրայի սահմանային անցակետ, տեղեկացավ արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների մասին:
Այնուհետև Ա. Գևորգյանը մեկնել է Աշոցք, որտեղ ևս ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին: Համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով կառուցվում է դպրոցի նոր շենք:
Փոխվարչապետին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսին: Դպրոցը նախատեսված է 400 աշակերտի համար, ունենալու է կաթսայատուն և ջեռուցման համակարգ, երկու մարզադահլիճ` բացօթյա մարզահրապարակով և դպրոցի ներսում գործող դահլիճով: Ծրագրի ընդհանուր արժեքը 736 մլն դրամ է:
Համայնքի նախկին դպրոցի մասնաշենքերից մեկը ներկայումս վերակառուցվում է որպես բազմաբնակարան շենք, որտեղ պետք է տեղափոխվեն վթարային շենքերից մեկի ընտանիքները: Այդ ծրագրի իրականացման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել էր 31 մլն դրամ: Փոխվարչապետին տեղեկացվել է, որ շինարարական աշխատանքները կվերսկսվեն մարտից և, ակնկալվում է, որ շենքը շահագործման կհանձնվի մայիսին:
Համայնքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով հիմնանորոգվել է մանկապարտեզը:
Ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսին, ինչպես նաև կապահովվի անհրաժեշտ գույքով: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 74 մլն դրամ:
Փոխվարչապետը կարևորել է ծրագրերի նշանակությունը համայնքի բնակիչների համար` միաժամանակ անհրաժեշտ համարելով հաստատությունների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը և համայնքապետին հորդորել է դրանց պահպանման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսել համայնքային բյուջեում:
Փոխվարչապետն այցն ավարտել է Գյումրիում: Քաղաքապետարանում մարզպետի և քաղաքապետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքային ենթակայության հաստատությունների գործունեության, ինչպես նաև փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին:
Քննարկվել են նաև այն առաջարկությունները, որոնք քաղաքային և մարզային իշխանությունները ներկայացրել են` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման նոր` հինգերորդ հրատապ ծրագրում ընդգրկելու համար:








































