Ապրիլի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Էրիկ Առաքելյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 31 MZ 001 համարանիշի ավտոեքենայով Հրազդանի կիրճում, դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ծառի վրա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է։
Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ եթե ծառը չլիներ, ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։