ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:
SHANTNEWS.am-ը Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իր ելույթից հետո եղա՞ն արձագանքներ կամ հնարավո՞ր է՝ հարցը դառնա առանձին քննարկման առարկա:
«Դուք գիտեք՝ մեկ անգամ չէ, որ ես ԵԽԽՎ-ում բարձրացնում եմ մեր գերիների ու ռազմագերիների խնդիրը: Տևական ժամանակ ես այս կառույցում բարձրացրել եմ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը և, փառք Աստծո, Հակոբը հիմա հայրենիքում է, ընտանիք է կազմել, մենք լավ բարեկամներ ենք իր ընտանիքի հետ: Հիմա Կարեն Ղազարյանի խնդիրը: Ակնհայտ է, որ Կարեն Ղազարյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ միայն այն բանի համար, որ նա ազգությամբ հայ է: Ես այդ մասին բարձրաձայնեցի երեկ՝ այստեղ:
Կարեն Ղազարյանը չի եղել և չէր կարող լինել զինծառայող, որովհետև նա ուներ առողջության հետ կապված խնդիրներ: Ադրբեջանի «դեմոկրատական» դատարանի միակ վերդիկտը պայմանավորված է եղել Կարենի՝ ազգությամբ հայ լինելով: Ես կոչով դիմել եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, «Կարմիր խաչին», ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին՝ րոպե առաջ ձեռնարկել բոլոր քայլերը՝ Կարենի անվտանգությունը և կյանքը պաշտպանելու համար, որովհետև մենք ունենք բազմաթիվ դեպքեր, նաև Մանվել Սարիբեկյանի դեպքը, թե ինչպես գազանաբար հոշոտել են ադրբեջանցիները մեր գերիներին»,- ասաց նա:
Զոհրաբյանն ընդգծեց՝ սա լրջագույն խնդիր է, հայտնեց, որ իր ձեռքի տակ եղած բոլոր փաստական տվյալները փոխանցել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, նաև փոխանցելու է իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին, որպեսզի նրանք րոպե առաջ քայլեր ձեռնարկեն, նախ՝ Կարենի կյանքը և անվտանգությունը պաշտպանելու համար, երկրորդ՝ բոլորով միասին անեն առավելագույնը՝ Կարենին հայրենիք վերադարձնելու համար: Պատգամավորը նշեց՝ չի ցանկանում խոսել այն մասին, ինչ անում են և տարիներ շարունակ արել են ադրբեջանցի բարբարոսները մեր գերիների հանդեպ՝ գերիների հարազատների վերքը ևս մեկ անգամ չցավեցնելու համար:
«Ցավոք սրտի, եվրոպական կառույցները, երբ խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական խնդրին, միշտ շատ զգուշավոր են և միշտ ձեռնպահ են մնում հրապարակային որևէ քննարկումից: Ես քիչ հավանական եմ համարում, որ իրենք կհամաձայնեն այս խնդրի վերաբերյալ, ասենք, իրավական հանձնաժողովում լսում կազմակերպել, չեն անի, որովհետև իրենք միշտ մտավախություն ունեն, որ այդ քննարկումները վերածվում են հայ-ադրբեջանական հերթական «ռազմաճակատի», բայց որ մենք մեր հետևողական աշխատանքով ամեն օր այս կառույցների «շնչին պիտի նստենք», որ Կարեն Ղազարյանի և մյուսների խնդիրն անընդհատ իրենց օրակարգում լինի, և որ ես՝ որպես պատգամավոր, դա անելու եմ, դա միանշանակ է»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտնեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում բազմաթիվ զեկույցներ կան, տեղեկացրեց՝ քիչ անց քննարկվելու է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը, իսկ վաղը հետաքրքիր մի զեկույցի քննարկում է նախատեսված՝ «Ատելության, ռասիզմի ու անհանդուրժողականության քարոզը քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ»:
«Այստեղ, կարծում եմ, մենք ևս ասելիք կունենանք»,- ասաց նա:
Զոհրաբյանը հիշեցրեց՝ ապրիլի 10-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը լիագումար նիստին, նաև ելույթը, որին կհետևի հարցուպատասխան:
«Ասեմ, որ այստեղ շատ մեծ հետաքրքրությամբ սպասում են Նիկոլ Փաշինյանի այցին, և արդեն բազմաթիվ պատգամավորներ՝ թե´ եվրոպացի, թե´ մեր հարևան Ադրբեջանից, հերթագրվել են Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար, այնպես որ, կարծում եմ՝ բավական հետաքրքիր ու հագեցած նստաշրջան է լինելու մինչև ուրբաթ օրը»,- տեղեկացրեց նա:









































