Եթե կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը ընդունվի այն տեսքով, ինչպիսին ներկայացվել է, ապա որոշ նախարարություններ կստանան սուպերնախարարությունների կարգավիճակ, այսպիսի նախարարությունների թվում կլինի Կրթության և գիտության նախարարությունը, որի կազմում կներառվի երեք նախարարություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, ըստ որի՝ այս նախաձեռնությամբ կառավարությունը ռիսկային քայլի է գնում, պատասխանեց. «Երբ անցյալ տարի սկսեցինք քայլել, բոլորն էլի ասում էին՝ ռիսկային քայլերի եք գնում: Իրականում հեղափոխությունը բոլոր տեղերում պետք է լինի, այդ քայլերը պետք է մտածված լինեն: Կարծում եմ՝ սա կշռադատված քայլ է և նորմալ ընթացք կունենա»:
Նախարարի խոսքով՝ նախարարությունների միավորմամբ՝ մշակույթը չի կորչում, և այս փոփոխությունները միտված են նրան, որ մշակույթի կառավարումն ավելի արդյունավետ լինի:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հնչում են քաղաքական հայտարարություններ, որ դուռ փակող ռեկտոր չպետք է լինի, բայց ԵՊՀ ռեկտորին փոխել չհաջողվեց, Ա. Հարությունյանը նշեց. «Բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում լուծելի են: Հիմա տեղի են ունենում գործընթացներ, որոնց նախկին համակարգի բաղկացուցիչ մաս կազմող որոշ շրջանակներ պետք է դիմադրեն, դա բնական է, և որտեղ դիմադրությունը մեծ է, մենք կտրուկ քայլերի չենք դիմելու, գործում ենք մեր լիազորությունների և պարտականությունների սահմաններում, օրենքի շրջանակներում»:
Նախարարի խոսքով՝ Արամ Սիմոնյանի շուրջ ձևավորված թիմը քանդվում է, ԵՊՀ-ում ետընթացի լուրջ պրոցեսներ են ընթանում:
Մանրամասն՝ տեսանյութում:








































