Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղապահներ ուղարկել Լիբիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գործողություններին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Խազար Իբրահիմը։
Վերջինս հիշեցրել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործունեությանը մասնակցել է Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում. «Ադրբեջանը շարունակելու է Աֆղանստանում իր խաղաղապահ գործունեությունը։ Ադրբեջանը կարևոր աշխատանք է իրականացնում Աֆղանստանում։
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանն Աֆղանստանի հարցում ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է կարևոր տարանցիկ երկիր։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցներից մեկն է»։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-6-ը Ադրբեջան է այցելում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։