Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Բինգյոլի (Ճապաղջրի) շրջանում հարձակում են գործել ժանդարմերիայի՝ շինանյութ փոխադրող ավտոշարասյան վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է ժանդարմերիայի 1 ներկայացուցիչ, վիրավորվել՝ 2-ը։
Քուրդ զինյալները երկարափող զենքերից գնդակոծել են ավտոշարասյունը, ինչի արդյունքում ծանր վիրավորված 23-ամյա Դենիզ Բաջանաքին անմիջապես փոխադրել են Էլյազըղի (Խարբերդի) հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Մեկ սպա և ավտոմեքենայի վարորդը թեթև վիրավորվել են։
Դրանից հետո տարածաշրջանում իրականացվել են քուրդ զինյալներին հայտնաբերելու լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ 1839 թվականին Օսմանյան կայսրությունում ստեղծված ժանդարմերիան ոստիկանական գործառույթներ է իրականացնում այն վայրերում, որոնցում ոստիկանությունը գործունեություն չի ծավալում։ Սակայն 250,000-անոց անձնակազմ ունեցող ժանդարմերիան ենթարկվում է զինված ուժերին։









































