Մեծ Բրիտանիայում մարտի 31-ին նշվող Մայրերի օրվա կապակցությամբ Քիլմանրոկում բնակվող 4-ամյա Էլլա Լենոնը փոստով շնորհավորական բացիկ է ուղարկել իր մայրիկին՝ Ջենիֆերին, որն անցյալ տարվա դեկտեմբերին մահացել էր ուղեղի քաղցկեղից:
Աղջիկն իր ձեռքով զվարճալի մուլտհերոս մինիոն է նկարել «Դու մեկն ես մինիոնից, մամ» գրառման կողքին («Դու մեկն ես միլիոնից» փոխարեն):
Էլլան բացիկը «երկինք» է ուղարկել և ավելացրել. «Շնորհավոր Մայրերի օրը, ես սիրում եմ քեզ, Էլլա»: Շուտով աղջիկը պատասխան է ստացել: Ծրարի վրա ուղարկողի հետևյալ հասցեն է նշված եղել. «Հրեշտակների դարպասներ համար մեկ: Ամպերի վրա: Երկինք: Մայրիկից»: Ծրարում ձեռագիր նամակ է եղել, որը սկսվել է «Իմ գեղեցիկ Էլլային» բառերով: «Մայրիկը» շնորհակալություն է հայտնել դստերը բացիկի համար, գրել է, որ շատ է սիրում իր փոքրիկին, հպարտանում է նրանով և համոզված է, որ նա շատ խելացի և յուրահատուկ աղջիկ կդառնա: Եվ որ մայրիկը միշտ երկնքից է հետևում է նրան:
Նամակը գրել է Թագավորական փոստի աշխատակիցներից մեկը, որին շատ է հուզել փոքրիկ աղջկա բացիկը: Այս մասին, ինչպես գրում է Daily Mail-ը, սոցցանցում պատմել է Էլլայի մորաքույրը՝ Լինդա Ռոսը:

«Դա այնքան երջանկացրեց նրան: Երբ նա ստացավ նամակը, դեմքին փայլեց ժպիտը: Սա ցույց է տալիս, թե աշխարհում ինչպիսի զարմանահրաշ մարդիկ են ապրում: Ես չափազանց շնորհակալ եմ»,- գրել է Լինդան:
.jpg)
.jpg)









































