Վերջին օրերին վարչապետ Ն. Փաշինյանի հրամանով պաշտոնից ազատվեցին կառավարության մի քանի աշխատակիցներ, ինչը սոցցանցերում բավականին բուռն քննարկման առիթ դարձավ: Որո՞նք են իշխանության կադրային քաղաքականության հիմնական սկզբունքները, որքանո՞վ է այսօր պրոֆեսիոնալիզը գերակա կադրային քաղաքականության մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և ներքաղաքական մի շարք այլ հարցերի անդրադարձան հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը և պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
«Հեղեփոխությունից անմիջապես հետո կառավարման համակարգի առջև լուրջ խնդիր առաջացավ՝ ինչպես համատեղել հեղափոխական թիմի ներկայացուցիչներին և «հնաբնակներին»: Առաջին հայացքից անհամատեղելի էին՝ մի կողմում հեղափոխականներ, մյուս կողմում՝ ստաժավոր բյուրոկրատներ, և բնական է, որ այս երկու թևերի միջև հակասություններ սկսեցին առաջանալ: «Հնաբնակների» համար հեղափոխականներն «այլմոլորակային» էին, իսկ հեղափոխական թմի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին չէին ընկալում հին աշխատելաոճը, և խնդիր էր դրվում ազատվել նրանց գոնե մի մասից: Պաշտոններից ազատումը այդ համատեքստում պետք է դիտարկել»,- նշեց Կ. Փաշոյանը:
Նրա խոսքով՝ որոշումների կայացման վրա լուրջ ազդեցություն է ունենում նաև ինտրիգների գործոնը, որ մեզ մոտ թույլատրելի սահմանգիծն անցել է: Փաշոյանի կարծիքով՝ կադրային քաղաքականության մեջ ընդհանուր մոտեցում չկա. «Պաշտոններում նշանակվում են այնպիսի մարդիկ, որոնք արատավորված անցյալ չունեն և քիչ թե շատ տիրապետում են ոլորտին: Չեմ կարող ասել, որ ներկայումս կառավարման համակարգը համալրված է լուրջ պրոֆեսիոնալներով, ինչը լուրջ խնդիրների պատճառ է դառնում»:
«Կադրերն են ամեն ինչ որոշում»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը… -Մենք ունենք մի ողբերգություն, որը ոչ միայն Փաշինյանին, այլ նաև բոլոր գործատուներին հնարավորություն է տալիս ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ազատել աշխատանքից, դա մեր Աշխատանքային օրենսգիրքն է, որտեղ նշված է, որ գործատուն կարող է աշխատանքային պայմանագիրը լուծել՝ վստահությունը կորցնելու հիմքով»:
Կ. Փաշոյանն ընդգծեց. «Եթե ցանկանում ենք ժողովրդավարական պետություն ստեղծել, ապա կառավարման համակարգում պետք է հաստատվի դիկտատուրա»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































