Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը: 2016 թվականի ապրիլյան առավոտը գուժեց Արցախի դեմ Ադրբեջանի զանգվածային գրոհի մասին, իսկ ավելի ուշ պետք է օր առ օր հայտնի դառնար հայկական կողմից տասնյակ զոհերի մասին, որ մենք ունեցել էինք ադրբեջանական գրոհը կասեցնելու չորս օրերի ընթացքում: Անցնող երեք տարիների ընթացքում հայկական հանրությունը շարունակաբար վերլուծում է այն գործոնները, հանգամանքները, խորքային սխալները և վրիպումները, ինչպես նաև ընդհուպ հնարավոր, կանխավարկածային ծրագրված դիտավորությունները, որոնք կարող էին հասցնել պատերազմի և դրա ցավալի հետևանքին, հայկական զինուժի և խաղաղ բնակչության զոհերի:
«Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին կրոնագետ Վարդան Խաչատրյանը, քաղաքագետներ Արմեն Բաղդասարյանը և Սուրեն Սարգսյանը:
Վ. Խաչատրյանի դիտարկմամբ՝ դեռևս շատ հարցականներ կան՝ Ապրիլյան պատերազմի հետ կապված. «Բայց պարզ դարձավ, որ Ադրբեջանը պայմանական թույլտվություն էր ստացել… Մեր անպատրաստվածության աստիճանը բարդ պատկերացնելի էր: Երբ արդեն ընթանում էր պատերազմ, ՀՀ նախագահը Զանգեզուրում շախմատային մրցաշարի բացմանն էր մասնակցում, անհասկանալի է: Չմեկնաբանվեց նաև Վիեննայի հանդիպումը: Օդում առկախված հարցականներից է նաև այն, թե ինչու ուշացավ հրամանը. ինչու լայնամասշտաբ գործողություններին համապատասխան հրամաններ չէին արձակվել: Մենք պետք է պատրաստ լինեինք և այնպիսի կորուստներ հասցնեինք, որ Ադրբեջանը մոռանար հարձակման մասին»:
Ս. Սարգսյանի դիտարկմամբ՝ մեր Զինված ուժերն արել են հնարավորը՝ այդ իրավիճակում կողմնորոշվելու և համապատասխան գործողություններ իրականացնելու առումով:
«Պետք է բանակցել, բայց միշտ պատրաստ լինել ամենավատ սցենարին, ինչի մասին խոսել է նաև պաշտպանության նախարարը, մանավանդ այն դեպքում, երբ գործ ունենք ոչ ադեկվատ հարևանի հետ»,- ընդգծեց քաղաքագետը:
«Մեր ռազմական կառույցը պատրաստ էր պատերազմի, եթե դիվանագիտական կառույցները և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես պատրաստվածություն ունենային, Ապրիլյան պատերազմ չէր լինի: Բանակը գործել է շատ ավելի արդյունավետ, քան արտաքին քաղաքական գերատեսչությունը, այստեղ խզում կար, և այդ խզման հետևանքով մենք ունեցանք 100-ից ավելի զոհեր»,- նշեց Ա. Բաղդասարյանը:
«Հայաստանի նոր իշխանությունը հստակ պատասխան չի տալիս՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելն իր համար ընդունելի է, թե ոչ, և ճիշտ է անում, որովհետև և՛ երեք սկզբունքները, և՛ վեց տարրերը անմիջականորեն կապված են Արցախի հետ, և առանց Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի, անիմաստ է բանակցել ինչպես այդ, այնպես էլ ցանկացած այլ սկզբունքի շուրջ: Կարծում եմ հենց այդ հարցն էլ քննարկվում է՝ թե ինչի շուրջ է ընթանալու բանակցությունը»,- նշեց Ա. Բաղդասարյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Տոնոյանի՝ նյույորքյան հայտարարությանն ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը, քաղաքագետը նշեց. «Իհարկե պատերազմը չի ավարտվել, բոլորս դա գիտենք: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, մենք լուրջ սխալ ենք թույլ տալիս՝ այդ հայտարարությունը էմոցիոնալ ենք ընկալում, հուզական հռետորաբանությունը թուլացնում է այդ հայտարարության կարևորությունը: Սա Հայաստանի պաշտանության նախարարի կոշտ հայտարարությունը չէ՝ ի պատասխան Ադրբեջանի կոշտ հռետորաբանության: Սա Հայաստանի ռազմավարության կոշտացումն է՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ ռազմավարության… Փոխվում է գործընթացի տրամաբանությունը, փոխվում է Հայաստանի ռազմական դոկտրինը: Սա շատ լուրջ փոփոխություն է և արձագանք է իրավիճակին»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































