Երեք տարի առաջ այս օրը արցախյան ճակատի ողջ երկայնքով ընթանում էին թեժ մարտեր։ Բաքուն փորձեց շեշտակի հարվածով բլից-կրիգ իրականացնել ու զենքի ուժով լուծել Արցախյան հակամարտությունը։ Մեր զինվորների, մարտիկների՝ շատ հաճախ նաև կյանքի գնով Բաքվի նման մտադրությունները վիժեցվեցին։
Ապրիլյան պատերազմը ոչ միայն հողային, տարածքային խնդիր էր, այլ նաև այն մեզ համար ուներ քաղաքակրթական, համամարդկային մեծ նշանակություն, առաքելություն։ Ո՞րն էր այն առաքելությունը, նպատակը, որը ձեզ տոգորում էր մարտի դաշտում «Առաջին լրատվական»-ի հարցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ավետիս Զարգարյանը պատասխանեց․ «Առաքելությունը մեկն էր՝ պետք էր մեր հողերի ամրությունը պահվեր։ Այդ էր հիմնական խնդիրը։ Մարտի էր մղում այն գաղափարը, որ մենակ դու չես՝ քո հետևում կա մի ամբողջ հայ ազգ, և դու պարտավոր ես ոչ միայն քո, այլ նաև իրենց համար։ Ու այդ ամենը գիտակցելով՝ մենք կռվում էինք»։
«Իմ կյանքում մեր երկիրը միշտ էլ ունեցել է իր դերն ու նշանակությունը, բայց պատերազմից հետո սկսում ես ավելի լավ հասկանալ նրա դերը, թե ինչ արժեք ունի նա։ Մանավանդ որ ընկեր ես կորցնում, դրանից հետո ամեն ինչ ավելի արժևորված ես համարում»,- հավելեց Ավետիս Զարգարյանը։
Նա նաև ասաց, որ ոչինչ չի մոռացել ու լավ հիշում է, թե ինչպես է նա վիրավորվել․ «Ապրիլի 4-ին, վաշտի հրամանատարի գլխավորությամբ, վեց հոգով գնացել էինք կողքի դիրքից մեր զոհված տղաների մարմինները բերելու․ մտանք մարտի մեջ, որի ժամանակ ես վիրավորվեցի»։
Մանրամասները՝ տեսանյութում։









































