Ապրիլի 2-ին 2016-ի Քառօրյա պատերազմի տարելիցի առիթով «Եռաբլուր» այցելած Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների որևէ հարցի, կրկնելով, որ կխոսի, երբ ժամանակը կգա: Թե երբ է այդ ժամանակը, Սարգսյանը դարձյալ չի ասել: Բայց մի բան արդեն պարզ է, որ այդ ժամանակը պատերազմի հերթական տարելիցը չէր: Ներկայումս սպասվում է, որ Սարգսյանը կարող է խոսել իր հրաժարականի տարեդարձին՝ ապրիլի 23-ին: Մինչդեռ, հանրային, պետական շահի տեսանկյունից ավելի կարևոր է թերևս այն, թե Սերժ Սարգսյանն ինչ կասի Ապրիլյան քառօրյայի առիթով, դրա վերաբերյալ: Որովհետև հրաժարականի առիթով նրա խոսքը հանրությանը լիուլի բավարարել է, մասնավորապես հայտնի ձևակերպումը՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ:
Այն, ինչ հանրությունն ուզում լսել Սարգսյանից, կամ կարող է ուզենալ լսել, դա վերաբերում է Ապրիլյան քառօրյային, որը Արցախյան պատերազմից, Հոկտեմբերի 27-ից և Մարտի 1-ից հետո Հայաստանի նորագույն պատմության, թերևս, ամենաառանցքային դրվագներից մեկն է, իսկ խորքային առումով, իր քաղաքական, հոգեբանական, աշխարհաքաղաքական նշանակությամբ, թերևս, ամենաառանցքայինը, թեև ինքնին համեմատությունն այդ ողբերգական էջերի միջև, անշուշտ, տեղին չէ: Ի վերջո, Սարգսյանի ասելիքը հենց այդ առումով է կարևոր, որովհետև դա կարող է առնչվել պետության ու հանրության, Հայաստանի և Արցախի անվտանգության հետագա ամրապնդմանը:
Սերժ Սարգսյանի ասելիքն է, որ կա՛մ կպատասխանի հանրության հարցերին, կա՛մ կառաջացնի նոր և ավելի կոնկրետ հարցեր: Ինչ էր անում ինքն այդ փուլում, ակնհայտորեն հասունացող պատերազմի պայմաններում, ինչ արեց Ռուսաստանն այդ շրջանում, ինչո՞ւ համարժեք չէր այդ գործողությունների հանդեպ Հայաստանի քաղաքականությունը, ինչ էին անում հասունացող պատերազմի պայմաններում ներքին ուժերը, այդ թվում՝ ներիշխանական ուժերը, արդյո՞ք եղել է ներքին սաբոտաժ, որը թողել է իր հետևանքը մարդկային կորուստների, տարածքային կորուստների դեմքով: Այդ հարցերն իհարկե պահանջում են շատ կոնկրետ իրավական պատասխաններ, սակայն այստեղ, անշուշտ, կան նրբություններ պետական գաղտնիքի և այլ հարցերի հետ կապված: Փոխարենը հնարավոր է թեման շոշափել քաղաքական հայտարարությունների մակարդակում, և Սարգսյանի խոսքը կարող է լինել թեկուզ այդ, այսպես ասած, «ձևաչափում»: Երկու դեպքում էլ դա միայն կնպաստի հանրության առավել իրազեկ, առավել շրջահայաց լինելուն, հետևաբար նաև դիմադրունակության աճին: Որևէ այլ բանի համար Սերժ Սարգսյանի խոսքը պետք չէ և չունի նշանակություն:
Խոսելով՝ նախկին նախագահը հանրության համար պետք է լուծի այդ խնդիրը, այսինքն՝ հանրությանն առավել պաշտպանված լինելու ծառայություն մատուցի, և դրանով իսկ նաև ծառայություն մատուցի իրեն՝ հայցելով իր տասնամյա նախագահության խիստ անարդյունավետության հանդեպ հանրության ներողամտությունը այդ ծառայության դիմաց: Եթե Սերժ Սարգսյանը պատրաստվում է խոսել որևէ այլ նպատակի համար, ապա բացարձակապես անտեղի և իզուր:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի










































