«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը առաջինն էր, որ կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Իսկ հանդիպման կարևորությունն այն է, որ ըստ երևույթին կողմերը կարողացել են գտնել այլ թեմաներ, որոնցով կարող են աշխատել միմյանց հետ, և այստեղ անհամաձայնությունները թերևս ավելի քիչ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հանդիպման վերաբերյալ հնչած դրական արձագանքներին:
Մեր զրուցակիցը վստահ է, որ փակ դռների հետևում քննարկվել են նաև ներկայացված սկզբունքներն ու տարրերը: «Բանակցությունները պետք է ինքնանպատակ չլինեն: Այն բառապաշարը, որ օգտագործում են տարբեր կողմեր, թույլ չի տալիս նյութ ձևակերպել, որի շուրջ կարող են տեղի ունենալ բանակցությունները»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, Սոս Ավետիսյանը նշեց. «Շատ կարևոր է, որ պաշտպանության նախարարը հանդես գա որպես պաշտպանության նախարար:
Եվ, իհարկե, մենք քանիցս արդեն նշել ենք, որ զենքի սպառնալիքի ներքո բանակցություններ տեղի չեն ունենալու: Սա նորմալ է ընդհանուր կոնտեքստում, և պարզ է, որ պաշտպանության նախարարը պետք է ունենար նման դիրքորոշում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:






































