Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր՝ այլևս ընդունելի չէ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևակերպումը, այլևս լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Այս հայտարարության առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես զարմանում եմ, որ մենք պաշտպանության նախարարի հայտարարությունը ինչ-որ տեղ տարօրինակ ենք համարում, Վիեննայից հետո ինչ-որ տեղ անթույլատրելի ենք համարում»:
Պատգամավորի խոսքով՝ մեր նպատակն է հասնել արժանապատիվ խաղաղության. «Բայց ես կարծում եմ, որ դիվանագիտության և քաղաքականության մեջ բարի կամք, բարի խոսքեր, բարի ցանկություններ չեն լինում: Առկա է հնարավորի արվեստը, իսկ հնարավորը ստեղծվում է ուժի միջոցով՝ այդ վարքագիծն է նպաստում խաղաղությանը, այլ ոչ թե հակառակը»:
Շիրակ Թորոսյանն ընդգծեց՝ մենք տարիներ շարունակ լսել ենք Ադրբեջանի սպառնալիքները, հաթաթաները, թե՝ հեսա-հեսա պատերազմ է լինելու. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք ենք դրա պատասխանատուն: Ասում են՝ այդպիսի հայտարարություններով Ալիևին պատերազմ սկսելու հնարավորություն ենք տալիս. կարծես այստեղ Ալիևի փաստաբաններն ենք դարձել: Բա թող սկսի պատերազմը՝ ո՞ւմ է սպասում, բա ինչի՞ է Վիեննա գնում բանակցելու»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































