Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի արած հայտարարությունը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության և, այսպես ասած, ողջույնի՝ հանրային տարբեր շերտերից:
Միաժամանակ հարցեր են առաջացել, թե ինչպես հասկանալ խաղաղ տոնայնությամբ ելույթներն ու խոսակցությունը վարչապետի մակարդակով և պաշտպանության նախարարի մակարդակով՝ այդօրինակ սկզբունքների հռչակումները: Պետք է հասկանալ միանգամայն բնականորեն, տրամաբանական փոխլրացման և մեծ հաշվով մեկ ամբողջության մեջ, որովհետև վարչապետի մակարդակով խաղաղության մասին ինքնավստահ զրույցների հիմքում հենց բանակի հանդեպ վստահությունն է և պաշտպանության նախարարի հստակ շեշտադրումը, որ հայկական բանակը պատրաստ է խաղաղություն պարտադրելուն: Իսկ այդ հանգամանքը առանցքայինն է:
Ադրբեջանին խաղաղության «դիսկուրս» բերելու համար նրան աներկբայորեն պետք է ցույց տալ, որ պատերազմի «դիսկուրսը», մտադրությունը և փորձը չունեն որևէ հեռանկար: Այլ կերպ ասած՝ Հայաստանը խաղաղություն կապահովի այն պարագայում, երբ ունենա խաղաղություն պարտադրելու կամք և կարողություն:
Պաշտպանության նախարարի հայտարարությունն այդ տեսանկյունից ոչ թե հակոտնյա է վարչապետի խոսքին, այլ գործնականում կազմում է դրա ամբողջությունը: Ավելին, այստեղ կա շատ ավելի սկզբունքային և հատկանշական մի հարց: Դա հենց այն է, որ հայկական արտաքին քաղաքականության և մասնավորապես արցախյան հարցի դիվանագիտական-քաղաքական սպասարկման մեջ պետք է իր հստակ ու կայուն ձայնն ունենա զինուժը, բանակը: Դա հատկապես ակնառու դարձրեց ապրիլյան պատերազմը, երբ տարիներ շարունակ վարված անհամարժեք պետական քաղաքականության ամբողջ հետևանքը ընկավ բանակի վրա, և զինված ուժերը ստիպված էին նաև հարյուրից ավելի կորուստների գնով չեզոքացնել այդ հետևանքը թե՛ իրենց, թե՛ ամբողջ հայկական պետականության համար՝ բառի բուն իմաստով փրկելով հայկական պետականությունը կորստից:
Այդ օրերին, ի դեպ, երբ ներկայիս նախարարը նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր և զգալիորեն համակարգում էր նաև բանակի արտաքին կապերը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը գործնականում փոխարինում էր արտգործնախարարությանը, երբ հանրությանը հարցեր էին հետաքրքրում, թե ո՞ւր է նախարար Էդիկ Նալբանդյանը: Հայաստանում հավատարմագրված դեսպանները ՊՆ-ի հետ էին հարաբերվում, ԱԳՆ փոխարեն, շատ լավ պատկերացնելով, որ արտաքին քաղաքականությունն առնվազն այդ օրերին թելադրում է բանակը:
Այստեղ անշուշտ գործ ունեինք արտառոց ռեժիմի հետ, սակայն այդ արտառոց, արտակարգ իրավիճակի հետևանքն այն էր, որ բանակը ընդհանրապես դուրս էր մնացել արտաքին քաղաքականության ռեժիմից, այն էլ՝ պատերազմող երկրի պարագայում:
Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարի ներկայիս հայտարարությունները հուշում են, որ հայկական պետական քաղաքականության մեջ չեզոքացվում է այդ լրջագույն բացը և լուծվում է դիվանագիտական ու պաշտպանական գերատեսչությունների մասնակցության, այսպես ասած՝ համարժեք և ողջախոհ բալանսավորման խնդիրը, որը պետք է ապահովի քաղաքական գործունեության արդյունք, ոչ թե հետևանք, որը դարձյալ ծանր կորուստների գնով ստիպված լինի հաղթահարել բանակը:










































