Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտնել է, թե ինչ կասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե հաղթի ընտրություններում: Նա այդ մասին խոսել է մարտի 31-ին առաջին փուլի ավարտից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակել է NewOne հեռուստաալիքը:
Ի պատասխան լրագրողի հարցին Զելենսկին ասել է. «Իսկ ինչ է, արդեն որոշված օր կա, թե երբ ենք ես և Պուտինը հանդիպելու»:
«Հավանաբար, եթե ես հանդիպեմ պարոն Պուտինին, ապա նրան կասեմ «վերջապես վերադարձրիք մեր տարածքները: Որքան գումար եք պատրաստ փոխհատուցել այն բանի համար, որ վերցրել էիք մեր տարածքները և օգնել այն մարդկանց, որոնք մասնակցել են Ղրիմում և Դոնբասում իրավիճակի ապակայունացմանը և աջակցել եք նրանց սարսափելի, դաժան և զզվելի գործունեությանը»,- ասել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, մամուլի հետ շփումը տևել է հինգ րոպեից ոչ ավելի:
Ըստ էքզիթ փոլերի տվյալների, Զելենսկին վստահորեն առաջ է անցել իր մրցակիցներից, հավաքելով ձայների ավելի քան 30%-ը, և անցել երկրորդ փուլ:












































