Թուրքիայի արդարադատության նախարարությունը 44 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ուղարկել մեջլիս, հայտնում է Ermenihaber-ը։
Միջնորդություններն ուղարկվել են Թուրքիայում այսօր տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից ընդամենը 1 օր առաջ՝ մարտի 30-ին:
44 միջնորդությունից 39-ը վերաբերում է ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին:
Նրանց շարքում է նաև Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը և ԺԴԿ-ի համանախագահներ Սեզաի Թեմելլին ու Փերվին Բուլդանը:
Մյուս 5 միջնորդություններից 3-ը վերաբերում են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներին, ընդ որում նրանցից մեկը կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է:
Մեկ միջնորդություն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորի վերաբերյալ է, մեկն էլ` Թուրքիայի բանվորական կուսակցության պատգամավորի: