Օրվա գլխավոր իրադարձությունը Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի ունեցած՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առանձնազրույցն է: Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, քաղաքագետներ Արմենակ Մինասյանցը և Ռոբերտ Ղևոնդյանը:
Ի՞նչ է հայտնի Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպման մասին. քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ տեղեկատվությունը սուղ է, հստակ լուրեր չկան, ուստի հնարավոր չէ հանդիպմանը խորքային գնահատական տալ:
«Հիմնավոր կարծիք հնարավոր կլինի հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից և Ն. Փաշինյանի անդրադարձից հետո»,- նշեց Ա. Մինասյանցը՝ հավելելով, որ հայտնի է միայն, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:
«Այս հանդիպումից մեծ սպասումներ չկան, կարող ենք ենթադրել, որ խոսքը բանակցային ձևաչափի և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ է ընթացել, և դժվար թե այս հանդիպմանը որևէ նոր, լուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- նշեց Լ. Ներսիսյանը:
Ռ. Ղևոնդյանի կարծիքով՝ չկա որևէ հիմք՝ ենթադրելու, որ այս հանդիպման ընթացքում որոշակի կարևոր քայլ կամ առաջընթաց է իրականացվել. «Հավանաբար կողմերն իրենց կարծիքներն են հայտնել: Հույս ունեմ, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ պնդել է Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին»,- նշեց քաղաքագետը՝ հույս հատնելով, որ Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը որոշ չափով կբացի վարագույրը, և որոշակի տեղեկատվություն հայտնի կդառնա:
«Փաշինյանի և Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը և բանակցությունները կարելի է և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե համարել բանակցություններ առանց Արցախի: Այդուհանդերձ հայկական կողմը նախապատրաստական աշխատանք կատարեց և արարողակարգային տեսանկյունից առավելագույնս արեց, ցույց տալու միջազգային հանրությանը՝ առաջին հերթին թե՛ համանախագահներին, թե՛ Ադրբեջանին, որ Արցախի հարցում մեր ձեռքը պուլսին է և առավելագույնս համակարգվում է մեր աշխատանքը Արցախի իշխանության հետ համատեղ»,- ընդգծեց Ա.Մինասյանցը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































