Օրերս Մեղրիի զորամասում տեղի ունեցավ մի միջադեպ, որը հանրային քննարկման և մեծ աղմուկի պատճառ դարձավ։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ զինծառայողներից մեկը ցանկացել է փոխել իր վաշտը, և այդ պահանջով դիմել է զորամասի ղեկավարներից մեկին, ինչից հետո մերժվել է, և ողջ գունդը լքել է զորամասը։
Այս պատմության մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել մի քանի զինվորներ, որոնք փաստացի կարողացել են ազդել այլ զինվորների վրա և կազմակերպել են յուրօրինակ բողոքի ակցիա։ Այս ամենը իրավական և բարոյահոգեբանական առումով ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ «Առաջին լրատվական»-ի հարցին ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հստակ ձևակերպումները տվել է՝ ցանկացած միջադեպ, որն ազդում է բանակի կարգապահության վրա, պետք է շատ խիստ կերպով մոտենալ դրան․ բոլոր մասնակիցները պետք է պատժվեն։ Իրավական առումով՝ զինվորներն ունեն բողոքի իրավունք, եթե իրենց պահանջները չեն կատարվում։ Սակայն ելնելով զիվորական կառույցի առանձնահատկություններից, կան հստակ կանոնակարգված դեպքեր, և նրանք իրավունք չունեն բողոքի ակցիայի անվան տակ լքել զորամասը։ Դրա միակ ձևը վերադաս հրամանատարությանը զեկուցագրով դիմելն է, որի պատասխանը, ըստ օրենքի, նույնպես գրավոր տեսքով պետք է զինծառայողը ստանա տաս օրվա ընթացքում»։
Իսկ ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն ասաց․ «Գործ ունենք մեր բանակում առկա մի տգեղ երևույթի հետ, որը Մեղրու գնդի օրինակի վրա, կարծես թե, իր բացահայտ տեսքը ստացավ։ Բանակի հիմքը կարգապահությունն է՝ չկա կարգապահություն, չկա բանակ։ Եթե խաղաղ պայմաններում մենք ունենք հնազանդության այսպիսի օրինակ, ապա, մեղմ ասած, արդյո՞ք մենք կարող ենք վստահ լինել, որ մարտի, էքստրեմալ պայմաններում սպան կտա հրաման, և ենթական համապատասխան կերպով կկատարի այն»։
Մանրամասները՝ տեսանյութում։




































