Խոշոր բացահայտումներ կլինեն, մեծ փողեր կվերադարձվեն պետությանը և տարվա ընթացքում տեսանելի կլինի արդյունքը: Այս մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հայաստանում պետությունից և հանրությունից խլված միջոցների վերադարձի խնդիրը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ, սակայն, չկա շատ թե քիչ հստակ գնահատական, թե որքան փողի մասին է խոսքը, ի վերջո, ինչքան փող է ենթակա վերադարձման: Իրավապահ համակարգն ունի՞ որոշակի պատկեր, թե ինչպիսի ծավալների վերադարձի մասին է խոսքը, կա՞ ձևակերպված իրավական կամ քաղաքական խնդիր, նպատակ կամ ծավալ, թե՞ վերադարձվելիքը որոշվում է քննության ընթացքում և այդ միջոցով է պարզվում, թե ով ինչքան վերադարձնելու բան ունի:
Սակայն սրանից ավելի կարևոր է այն հարցը, թե ի՞նչ նշանակություն ունի այդ գործընթացը հանրության, պետության զարգացման տեսանկյունից ընդհանրապես: Այստեղ նշանակությունը լոկ տնտեսակա՞ն է, որպեսզի այդ միջոցները վերադարձվեն ու ծառայեն հանրությանը, թե՞ հարցն ավելի խորքային է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, քաղաքագետներ Գոռ Հակոբյանը և Էմիլ Օրդուխանյանը:
«Նոր իշխանությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին և բավականին լուրջ հաջողություններ է գրանցել: Հայաստանում այսօր համակարգային կոռուպցիա չկա,- նշեց Կ. Քոչարյանը: – Բայց դա հնարավոր չէ դարձնել դրոշակ և բոլորին հրավիրել ներդրումներ կատարելու: Վերջին 20-25 տարիներին աշխարհահռչակ ընկերություններ եկել և ներդրումներ են կատարել, և կոռուպցիան նրանց չի խանգարել. միայն կոռուպցիա չլինելը բավարար չէ, բիզնեսը սիրում է հստակ խաղի կանոններ»:
Գ. Հակոբյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունը պետք է լինի հետևողական: Նրա դիտարկմամբ՝ բացի տնտեսական էֆեկտից՝ կոռուպցիայի դեմ պայքարը նաև արդարության հաստատման կարևորագույն սկզբունք է ներառում: «Կոռուպցիան վերջին 30 տարիներին բերել է անարդարության զգացման… Պետք է ստեղծվի սեփականության օրինականացման համընդհանուր մեխանիզմ»:
Է. Օրդուխանյանի խոսքով՝ կառավարությունը որդեգրել է ավգյան ախոռները մաքրելուն ուղղված հստակ գործընթաց՝ գործողությունների շղթա: «Հեղափոխությունը, որ տեղի ունեցավ վերին շերտում, պետք է նաև միջին էլիտայի մակարդակում արդյունքներ արձանագրի. այստեղ ավելի շատ են խոչընդոտները, բայց պետք է լինել նպատակասլաց»,- նշեց քաղաքագետը:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ իշխանության վարկանիշը գնալով ընկնում է, և հիմա պետք է ռեֆորմ անել:
Մանրամասն՝ տեսանյութում:











































