Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ափշին Մեհթիևը 10 էջանոց նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ու Անվտանգության խորհրդին։
Այդ նամակում տեղ են գտել Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները, հայերի կողմից զինադադարի «մշտական խախտումները» և Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքացիների «սպանության դեպքերը»։
Նամակում հատուկ տեղ է հատկացված մայիսի 16-ին Московские новости թերթին տված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, քանի որ այն «լի է պատմական կեղծիքներով ու խեղաթյուրումներով»։
Նամակում նաև նշված է, որ մայիսին Հայաստանի զինված ուժերը «68 անգամ խախտել են» հրադադարի ռեժիմը։
Նամակի ամփոփիչ մասում գրված է. «Ադրբեջանը «չի կասկածում», որ միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «կապահովի» Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից Հայաստանի զինված ուժերի ամբողջովին դուրսբերումը, «կվերականգնի» երկրի տարածքային ամբողջականությունը, փախստականներն ու հարկադիր վերաբնակները «կվերադառնան իրենց» տները, հայկական ու ադրբեջանական համայնքները համատեղ ու հանգիստ «կբնակվեն Ադրբեջանի Հանրապետության կազմի» մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում»։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի այս տարվա սեպտեմբերի 14-ին կայանալիք ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում։









































