«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրներն են հաջողություն գրանցել ծխախոտի և ծխելու դեմ պայքարում, որոնք համադրել են դաստիարակչական մեծ պետական աշխատանքը կամաց-կամաց ներդրվող սահմանափակումների հետ, ինչը տևել է 10-30 տարի՝ ինչ-որ արդյունքի հասնելու համար: Այն երկրները, որոնք արագ են անում այդ ամենը, պարզապես մեծացնում են ծխախոտի ստվերային շուկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միության» խորհրդի անդամ Աշոտ Բարսեղյանը:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանում ռեստորանային ոլորտը տարեկան վաճառում է շուրջ 7.5 միլիարդ դրամի ծխախոտ, իսկ բյուջեի մուտքերը ծխախոտային ինդուստրիայից մոտ 100 միլիարդ դրամ են, տասը խոշոր հարկատուներից 4-ը ծխախոտ արտադրող ընկերություններն են: «Այս դաշտում խաղեր անելը, կտրուկ գործողություններ անելը չենք ողջունում»,- հավելեց նա:
Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած՝ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը մեծ վտանգներ է պարունակում տնտեսության համար, օրինագծի մեջ բազմաթիվ ձևակերպումներ կան, որոնք թերի են: «Ես հայտարարում եմ, որ մենք թույլ չենք տա, որ մեր շրջանառության հաշվին անհասկանալի հետևանքներով օրինագծեր անցնեն… Արդեն կես տարի է՝ առողջապահության նախարարությունը ուշադրություն չի դարձնում մեր հորդորներին, որ պետք է կազմակերպել լսումներ շահագրգիռ կողմերի հետ… տարակուսանք է առաջանում՝ ինչո՞ւ ինդուստրիայի ներկայացուցիչը չի կարող զրուցել առողջապահության նախարարության հետ»,- ընդգծեց Բարսեղյանը:
Նա նաև շեշտեց, որ ռեստորանները կողմ են, որպեսզի ծխախոտը ծխեն ռեստորանների տարածքից դուրս, բայց այդ կետից այն կողմ՝ մնացածի հետ համաձայն չեն: «Կիսաբաց, կիսափակ, հուշարձաններ, հյուրանոցներ… ինչ-որ սահմանումներ են տրված, օրենքում խառնած է ամեն ինչ, ստացվում է, որ քաղաքի տարածքի մոտ կեսում չեք կարողանա ծխել… Այս ամեն ինչը պետք է մաքրել օրենքից»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: