Անդրադառնալով վերջին շրջանում շրջանառվող այն լուրերին, որ Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանների տեղում կառուցվելու է էլիտար շենք, թերթը հարցում է արել քաղաքապետարանին, որտեղ հաստատել են այդ տեղեկությունները.
«…Մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի վերնամասում (ոչ թե շատրվանների հատվածում, այլ այն երիզող պատերի սահմաններից դուրս տարածքում) քննարկվում է բարձրակարգ հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագիր: Կառույցը կունենա անկյունային լուծում՝ Նալբանդյան փողոցին և Գլխավոր Պողոտային զուգահեռ մասնաշենքերով և իր տեղադրությամբ կպահպանի մետրոյի կայարանի ճարտարապետական և ծավալատարածական լուծումները»։
«Թե ումն է այդ մտահղացումը և ով է ստացել Երևանի կենտրոնը ծանրաբեռնելու հերթական թույլտվությունը, չի մանրամասնվում: Այդպիսի կառույցները նախագծելն ու իրագործելը իշխանությունները շատ հեշտ են անում: Բայց արդեն քանի տարի է՝ հայտարարվել է Արամ ու Բուզանդ փողոցների տարածքում «Հին Երևանը» վերականգնելու ծրագիր ունեն, քանդել են փողոցները, համարակալել քանդված շենքերի քարերը, իսկ «Հին Երևանը» չկա ու չկա։ Հաշվի առնելով. որ «Հին Երևանից» դժվար թե այնքան արդյունավետ բիզնես ստացվի. որքան հյուրանոցներից, դժվար է ասել՝ այդ ծրագիրը կիրագործվի, թե ոչ: Քադաքապետարանից մեզ տեղեկացրել են, որ ինչ- որ ճշգրտումներ են անում, որից հետո կսկսվեն «Հին Երևան» ծրագրի իրականացման աշխատանքները»,- գրում է «ՀԺ»-ն:









































