Երեկ Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը և հարավաֆրիկացի Շարլեն Ուիթսթոքն ամուսնացել են: Ամուսնության քաղաքացիական արարողությունը տեղի է ունեցել իշխանական պալատի հանդիսությունների դահլիճում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Արարողությունը վարող Մոնակոյի պետական խորհրդի նախագահ Ֆիլիպ Նարմինոյի այն հարցին, թե արդյոք նրանք համաձա՞յն են ամուսնանալ, Ալբերն ու Շարլենը տվել են դրական պատասխան: Դահլիճում այդ պահին եղել են նորապսակների 80 ամենամտերիմ մարդիկ, իսկ դրսում արարողությունից հետո պալատի պատշգամբ դուրս եկած նորապսակներին ողջունել են թագավորության մի քանի հազար հպատակներ: Փաստաթղթերը ստորագրելուց հետո Շարլենը դարձավ Մոնակկոյի իշխանուհի՝ ստանալով համապատասխան տիտղոս:
Այսօր նորապսակների պսակադրությունը տեղի կունենա Մոնակոյի կենտրոնական եկեղեցում: Որին կհաջորդի հսկայական համերգ՝ հայտնի Eagles խմբի և ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժարի մասնակցությամբ:










































