Նոր Զելանդիայում մզկիթի հարձակման մեջ մեղադրվող ավստրալացի Բրենթոն Տարանտը երկու անգամ այցելել է Հունաստան:
Ինչպես գրում է RIA Novosti-ն, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, նա առաջին անգամ Հունաստան է այցելել 2016 թվականին: Այդ ժամանակ նա իջևանել է Աթենքում՝ Կահիրեից Բուխարեստ ճանապարհին: Հետադարձ ճանապարհին նա կրկին այցելել է Հունաստանի մայրաքաղաք:

Երկրորդ անգամ ավստրալացին Հունաստան է այցելել 2016-ի մարտին և այնտեղ անցկացրել ավելի քան երկու շաբաթ: Այժմ Հունաստանի իշխանությունները «որոնում են երկրում նրա ժամանման հետքերը»: Հայտնի է, որ Հունաստանում նա երթևեկել է ավտոբուսներով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հաղորդել է, որ Տարանտը երկու անգամ եղել է Թուրքիայում: Երկրորդ անգամ նա երկրում է մնացել մոտ 40 օր:

Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումը կատարվել է մարտի 15-ին: Վերջին տվյալներով՝ գրոհների զոհ է դարձել 50 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս 40-ը հոսպիտալացվել է հրաձգային վիրավորումներով:
Նոր Զելանդիայի իշխանությունները տեղի ունեցածը համարել են ահաբեկչություն:











































