Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անդրանիկ Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:
Երևանյան բուհերից մեկի 22-ամյա ուսանող Անդրանիկին մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վրաերթի ու պատահարի վայրը թողնել-հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մարտի 9-ի երեկոյան Անդրանիկ Կ.-ն, գտնվելով 1,12% ալկոհոլային հարբածության վիճակում, խախտելով ՃԵԿ համապատասխան պահանջները, իրեն պատկանող «ՎԱԶ-21013» մակնիշի մեքենան վարել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղից՝ Աշտարակի ուղղությամբ:
Չհասած Աշտարակ՝ նա փոխել է ընթացքի ուղղությունը, հետադարձ է կատարել և ընթացել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով:
Ժամը 20-ն անց 50-ի սահմաններում հասնելով հիշյալ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածին, նախապես ի վիճակի լինելով հայտնաբերել նույն ավտոճանապարհի՝ դեպի Գյումրի տանող ուղեմասի կողնակում կայանված «Մերսեդես» մեքենան ու մեքենայի ձախ կողմում գտնվող վարորդին՝ Լեռնիկ Ձ.-ին, ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, իր վարած մեքենայի առջևի աջ մասով բախվել է «Մերսեդեսի» ձախակողմյան հատվածին, ապա վրաերթի է ենթարկել այդ մեքենայի վարորդ, 27-ամյա Լեռնիկ Ձ.-ին, պատճառել է գանգուղեղային բաց, թափանցող, կրծքավանդակի, կոնքի, աջ ստորին վերջույթի վնասվածքներ, ապա թողել է պատահարի վայրն ու հեռացել է:
Լեռնիկ Ձ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 2018 թվականի մարտի 15-ին մահացել է:
Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները դատարան են ներկայացրել քաղհայցի պահանջ՝ 3 միլիոն դրամի չափով, ինչպես նաև տուժողի անչափահաս երեխայի օգտին ամսական 750հազար դրամ բռնագանձելու պահանջ՝ մինչև երեխայի չափահաս դառնալը՝ կերակրողին կորցնելու հիմքով և այն պատճառաբանությամբ, որ տուժող Լեռնիկ Ձ.-ն ստանում էր 750 հազար դրամ աշխատավարձ:
Անդրանիկ Կ.-ն հայտնել է, թե դեպքի օրը գտնվել է Ագարակ գյուղում՝ հորեղբոր տանը, մասնակցել է նշանդրեքի խնջույքի, օգտագործել է օղի:
Երեկոյան մենակ դուրս է եկել, նստել է իրեն պատկանող մեքենան, ընթացել է Աշտարակի ուղղությամբ, հետո հետադարձ է կատարել, մեկ այլ ճանապարհով նորից ընթացել է դեպի Ագարակ: Երևան-Գյումրի ավտոճանապարհին մի պահ կանգ է առել, ապա շարունակել է երթևեկել:
Քիչ անց մեքենայի ղեկը աջ է քաշել, չի հասկացել՝ ինչ է կատարվել, հետո մեքենայի դիմապակին կոտրվել է, ապակիները լցվել են իր վրա: Այդպես վարել է մեքենան, հասել է Ագարակ գյուղի գերեզմանների մոտ:
Այնտեղ է եկել իր ընկեր Դավիթը, իրեն օգնություն է ցուցյ տվել, տարել է տուն, որտեղից ոստիկաններն իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Ինքը ոստիկաններից է իմացել, որ տեղի են ունեցել վթար ու վրաերթ: Քանի որ դեպքի պահին խմած է եղել, բախման պահի վերաբերյալ ոչինչ չի հիշում…
Դատարանում Անդրանիկ Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, քաղաքացիական հայցն ընդունել է 1 միլիոն 500 հազար դրամի չափով, հայտնել է, որ այդ գումարը վճարված է դատարանի դեպոզիտ հաշվին:
Տուժողի կինը հայտնել է, որ դեպքի պահին ամուսնու մեքենայով ամուսնու և իրենց վեց ամսական երեխայի հետ Երևանից ընթանում էին դեպի Գյումրի: Ինքը երեխայի հետ նստած էր մեքենայի հետևի աջ նստատեղին: Ճանապարհին՝ չհասած Ագարակ, մեքենայի բեռնախցից ձայներ են լսվել: Ամուսինը մեքենան կանգնեցրել է ճանապարհի աջ մասում, իջել ու գնացել է բեռնախցիկի ուղղությամբ: Այդ ժամանակ մեքենային հարված է եղել, մեքենան ցնցվել է: Ինքն անմիջապես ձախ է նայել, տեսել է, որ մեքենայի հետևի ձախ դուռը վնասված է: Հետո նայել է հետ՝ փնտրել է ամուսնուն, բայց նրան չի տեսել: Հետո է նկատել, որ ամուսինն ընկած է իրենց մեքենայի առջևի մասում՝ ճանապարհի մեջտեղում: Հասկացել է, որ ամուսինը վրաերթի է ենթարկվել, իսկ նրան վրաերթի ենթարկած մեքենան մեծ արագությամբ հեռացել է: Ինքը երեխային գրկած անմիջապես իջել է մեքենայից, մոտեցել է ամուսնուն, որ օգնի, զանգել է շտապօգնություն: Երբ գտնվել է ամուսնու կողքին, իր թիկունքի հատվածում հարված է զգացել՝ մեկ այլ մեքենա իրեն վրաերթի է ենթարկել: Հավաքվել են մարդիկ, ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր անց մահացել է…
Գործով վկաները հայտնել են, որ դեպքի պահին անձրև է տեղացել, ճանապարհը թաց է եղել, տեսանելիությունը՝ սահմանափակ: Տուժողի կնոջը վարերթի ենթարկած մեքենայի վարորդն ու նրա ուղևորները նախ նկատել են ճանապարհին ընկած մարդու: Վարորդը դեպի աջ է մանևրել, բայց մեքենայի աջ մասով հարվածել է ընկած տղամարդու կողքին գտնվող կնոջը: Վարորդն անմիջապես կանգնեցրել է մեքենան, մարդիկ շտապել է օգնության: Դեպքի վայրում այլ մարդիկ էլ են հավաքվել: Դեպքի վայրից քիչ հեռու գտել են տղամարդուն վրաերթի ենթարկած մեքենայի համարանիշը, այն հանձնել են դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Անջատել են տուժողի մեքենայի շարժիչն ու լույսերը, որոնք միացված են եղել… Հիվանդանոց են տեղափոխվել տուժած կինն ու երեխան:
Դատարանը Անդրանիկ Կ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով: Անդրանիկ Կ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Անդրանիկ Կ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է ազատազրկման ձևով պատժի կրումից:
Դատարանը տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարել է մասնակիորեն՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել տուժողի իրավահաջորդը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Անդրանիկ Կ.-ին դատապարտել 6 տարի ազատազրկման:








































