Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի հետևել իր խորհուրդներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ նոր հանրաքվեի անցկացումը: Այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը, հաղորդում է Reuters-ը:
Նրա կարծիքով, դա անարդար կլինի 2016-ի հանրաքվեի արդյունքերով հաղթած բրիտանացիների նկատմամբ:
Թրամփն ասել է, որ 2018թ.-ի ամռանը Անգլիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ նրան խորհուրդներ է տվել, թե ինչպես պետք է վարել Brexit-ի հարցով բանակցությունները: Նախագահի խոսքերով, Մեյը չի օգտվել իր առաջարկներից:
Ամերիկացի առաջնորդը զարմանք է արտահայտել «որ բանակցությունների առումով ամեն ինչ շատ վատ է ընթացել»:
Թրամփը ենթադրել է, որ բանակցությունները հաջող ընթացք կունենային, եթե Մեյը հետևեր իր խորհուրդներին:









































