«Մինսկի խմբի համանախագահները ոչ մի բան չեն մերժում։ Եվ այն, ինչ կապված է ֆորմատի փոփոխության հետ, այնտեղ նշված չէ, որ որևէ փոփոխություն չպետք է լինի, այնտեղ նշված է, որ պետք է արվեն այդ փոփոխությունները կողմերի համաձայնությամբ։ Ենթադրում ենք, որ Ադրբեջանը կարող է համաձայն չլինել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ մեր մոտեցումներով պետք է ոչ միայն Մինսկի խմբին, այլ նաև Ադրբեջանին ցույց տանք իր դիրքորոշման անհեթերությունը։
«Անհեթեթությունը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ես այս սեղանի շուրջ ներկայացնելու եմ այն քաղաքացիներին, որոնք ունեն ինձ ընտրելու իրավունք, դրանք ՀՀ քաղաքացիներն են։ Եվ մնացել է քաղաքացիների մի զանգված, որոնց որևէ մեկը չի ներկայացնում սեղանի շուրջ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առավել ևս Մինսկի խմբի համանախագահները»,-հավելեց Հովհաննես Իգիթյանը։
Ավելին, ըստ Իգիթյանի՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության որոշ պարբերություններից պարզ երևում է, որ դրանք հիմնականում ուղղված են Ադրբեջանի դեմ։









































