Հայաստանում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի շաբաթը, որն ամենամյա իրադարձություն է արդեն մի քանի տարի շարունակ: Շատ փորձագետներ հաճախ խոսում են այն մասին, որ Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններում առաջացել է որոշակի սառնություն, և որ նախաճգնաժամային իրավիճակ է առաջացել: Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»- ը զրուցեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ:
«ՆԱՏՕ-ի հետ վեցերորդ անգամ ստորագրվել է երկամյա Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), որտեղ նախանշվում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, և երկու կողմն էլ իրենց պարտավորությունները կարողանում են կատարել: Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական համագործակցության և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հարցերը մինչ այժմ դրված չեն եղել, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Երբ գնահատական է հնչում, որ Հայաստան – ՆԱՏՕ հարաբերությունները նախաճգնաժամային փուլում են, երևի թե նկատի է առնվում աշխարհաքաղաքական տեսանկյունից, որովհետև երկու կողմն էլ հստակ գիտի՝ որոնք են կարմիր գծերը և սահմանները: Իսկ ինչ մնում է համագործակցության ծրագրերին, դրանք ընթացքի մեջ են»,- նշեց Թևան Պողոսյանը:
Թ. Պողոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը կարողանում է պահել իր ճիշտ դիրքորոշումը: «Հուսամ, որ Հայաստանը կկարողանա ճիշտ հաշվարկներ անել և թույլ չտալ, որ Հայաստանի տարածքն օգտագործվի և աշխարհաքաղաքական ճգնաժամերը լուծվեն մեր հաշվին»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը:
«Մեր խոսքը պետք է ծանրացնենք,- ընգծեց Թ. Պողոսյանը: -ՆԱՏՕ-ն չի ստիպելու Հայաստանին մեր շահերին դեմ գնալ»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































