ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` նշեց, որ հայտարարությունը բավական մտահոգիչ է: Ըստ Մարուքյանի՝ այն ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու:
«Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցչին ներգրավել և ետ վերադարձնել բանակցային սեղան: Մենք շարունակում ենք աջակցել այդ մոտեցմանը: Հայտարարության մեջ բացի այն, որ մտահոգիչ այլ ձևակերպումներ էլ կան, ամենամտահոգիչն այն է, որ ասվում է՝ «ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով»: Սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և սա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Համենայնդեպս, մեր կողմը միշտ սա պնդել է, սա տեղի ունեցած փաստ է և հիմա կրկին պնդել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել նախորդը, կամ ինչ-որ կերպ պետք է նշվի, որ այդ հանրաքվեն եղել է»,- ասաց նա: