Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ընկերություններից մեկը առնչվում է փողերի լվացման հետ կապված ինչ-որ մութ պատմության հետ։ Այդ պատմությունը լայնորեն տեղ է գտել ինչպես միջազգային ու ռուսական, այնպես էլ հայկական մամուլում։ Դեռևս չհաստատված այդ պատմության հրապարակումից հետո Հայաստանում հասարակական կարծիքը, փորձագիտական դաշտն ու մամուլը բաժանվել են երկու խմբի՝ մի մասը գտնում է, որ Ռուբեն Վարդանյանին պետք է դատափետել, մերժել նրան ու նրա անվան հետ կապվող բիզնեսները, մյուսները կարծում են, որ, այդուհանդերձ, գուցե գործ ունենք ուղղորդված ինչ-որ տեղեկատվական գրոհի հետ և անգամ, եթե այդ հրապարակումներում տեղ գտած մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, չարժե քարկոծել Ռուբեն Վարդանյանին, քանի որ նա անուրանալի ավանդ ունի Հայաստանում։
Ինչ է իրականում տեղի ունեցել Ռուբեն Վարդանյանի ղեկավարած ընկերության մասնակցությամբ, պարզ կդառնա ժամանակի ընթացքում։ Մինչ այդ, սակայն, պետք է նշել, որ տեղի ունեցածը վկայում է նման զգայուն հարցերի վերաբերյալ մեր հանրային դիսկուրսում համարժեք մշակույթի բացակայության մասին։ Հատկապես որ դա վերաբերում է նաև շատ կոնկրետ ու գերզգայուն ոլորտի՝ բանակային համակարգին։ Ռուբեն Վարդանյանը, ի թիվս Հայաստանում իրականացված բազմաթիվ կրթական, մշակութային ու բարեգործական ծրագրերի, նաև Հայաստանի բանկային համակարգի ամենախոշոր խաղացողներից մեկն է։ Նրա անվան ու հեղինակության հետ կապվող ցանկացած կարծիք ու հրապարակում անուղղակիորեն առնչվում է նաև այդ բանկի գործունեությանը, որն ի դեպ, բացի Ռուբեն Վարդանյանից, ունի նաև այլ սեփականատերեր։ Ահա այս աղմուկի մեջ նույն այդ սեփականատերերը կարող են մտածել Հայաստանի բանկային համակարգից իրենց ունեցած կապիտալը դուրս հանելու մասին, ինչը ընդհուպ ցնցումներ կարող է առաջացնել բանկային համակարգում։ Մեր բանկային համակարգը այն քիչ ոլորտներից է, որն իսկապես կայացած է և համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Մյուս կողմից, սակայն, մենք չունենք բանկային տեղեկատվության հետ զգույշ լինելու, բանկերի անվան հետ կապվող պատմություններում նրբանկատ լինելու մշակույթ, ինչը արտահայտվում է ինչպես կենցաղում, այնպես էլ փորձագիտական, լրագրողական դաշտերում։
Ռուբեն Վարդանյանի անվան շուրջ այս օրերին տեղի ունեցողը պետք է հուզի նաև Հայաստանի իշխանություններին։ Ի վերջո, խոսքը Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրած մեր հայրենակցի մասին է, որի անվան շուրջ սանձազերծված գրոհը կարող է անդրադառնալ նաև Հայաստանում նրա գործունեության վրա։ Մինչ այս պահը, սակայն, Հայաստանի իշխանական շրջանակներից Ռուբեն Վարդանյանին որևէ կերպ աջակցելու, նրա հեղինակությունը պաշտպանելու որևէ ազդակ չի հղվել։
Հասկանալի է, որ խոսքը ուղղակի պաշտոնական աջակցության մասին չէ։
Սփյուռքի ներուժի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կարողությունների մասին խոսակցությունները շատ մոդայիկ են ու թրենդային։ Սակայն նույնը չի կարելի ասել այն դեպքերի մասին, երբ որոշակի աջակցության կարիք են ունենում մեր նույն այդ հայրենակիցները։ Նրանք կարող են ամենատարբեր գործարքների մեջ ներքաշված լինել աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում տարիների ընթացքում Հայաստանում նրանց կատարած ներդրումների ու բարեգործությունների դերը։ Սփյուռքի հետ հարաբերություններն իրականում երկկողմանի հարաբերություններ են, և Սփյուռքից ու սփյուռքահայերից աջակցություն ակնկալելուն զուգահեռ մենք պետք է նաև մեխանիզմներ ունենանք անհրաժեշտության դեպքում սփյուռքահայերին աջակցելու համար։ Ռուբեն Վարդանյանն այժմ ունի այդ աջակցության կարիքը, սակայն որևէ կերպ այն չի ստանում Հայաստանից։











































